Հայտնի արևմտյան Women's Running ամսագիրը հարված է հասցնում վազքին վերաբերվող տարածված կարծրատիպերին և շապիկի վրա տեղադրում գեր վազորդուհի:

Women's Running-ը առաջին լուրջ սպորտային ամսագիրն էր, որը որոշեց հեռանալ նիհար սպորտային մոդելների կարծրատիպերից: Շապիկին պատկերված 18-ամյա Էրիկա Շենգը, չնայած ավելորդ քաշին, սպորտով է զբաղվում և իրեն սպորտային մարդ է համարում:

Ամսագրի խմբագիր Ջեսիկա Սեբորը նշեց, որ այս մոդելի օգնությամբ  խմբագրությունը ցանկացել է ցույց տալ ընթերցողներին, որ վազքը, ինչպես նաև այլ մարզաձևերը, նախատեսված են ոչ միայն նիհար մարդկանց համար: Ամսագրերի շապիկներին հիմնականում հանդիպում են  նիհար ու մկանոտ մոդելները, ինչի արդյունքում հասարակությունում տարածվել է այն մոտեցումը, որ կանոնավոր սպորտով զբաղվել կարող են միայն նիհար կազմվածքով կանայք:

«Գոյություն ունի կարծրատիպ, որի համաձայն՝ բոլոր վազորդները պետք է նիհար լինեն, սակայն մենք տեսնում ենք, որ դա այդպես չէ, - նշում է խմբագիրը, - վազքով զբաղվող մարդիկ տարբեր մարմիններ կարող են ունենալ: Պարտադիր չէ նիհար լինել՝ երկար դիստանցիա հաղթահարելու կամ մարաթոն վազելու համար: Եվ մեր ամսագրի շապիկը ցույց է տալիս, որ պետք չէ ամաչել սեփական մարմնից, եթե ցանկանում եք սպորտով զբաղվել»: