ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է: Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրեցին առողջապահության նախարարության մամլո ծառայությունից։
Մարզպետարանում հրավիրված արտագնա խորհրդակցության ժամանակ Գեղարքունիքի և Տավուշի մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ քննարկվեցին երկու մարզի առողջապահական խնդիրները:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ ՀՀ առղջապահության նախարարի մարզ հերթական այցի նպատակն է քննարկել առկա խնդիրները և համատեղ գտնել դրանց լուծման ուղիները: Արմեն Մուրադյանը մարզերի առողջապահության կազմակերպիչներին ներկայացրեց ոլորտում իրականացվող նոր ծրագրերը` մեծապես կարևորելով դրանց արդունավետ ընթացքը: Նախարարն ընդգծեց, որ առողջապահությունն իրականացվում է ապակենտրոնացված, սակայն միասնական քաղաքականությամբ:
ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը ներկայացրեց մարզի առողջապահական ոլորտում գրանցված հաջողությունները և խնդիրները: Նա նշեց, որ օրակարգային է նեղ մասնագետների պակասը: Նրա խոսքով` Գեղարքունիքի մարզում բարեհաջող իրականացվում է սոցիալական փաթեթի շահառուների համար կանխարգելիչ բժշկական քննության ծրագիրը. 3134 շահառու արդեն անցել է պարտադիր կանխարգելիչ քննություն:
Անդրադարձ կատարվեց նաև հանրային առողջապահական ծրագրերին, որոնք միտված են բնակչության առողջության պահպանմանը: Նախարարը հորդորեց ոլորտի պատասխանատուներին բնակչության շրջանում բարձրացնել իրականացվող ծրագրերի նկատմամբ հանրության վստահությունը: Նա առանձնակի կարևորեց առողջության առաջնային օղակի նկատմամբ վստահության մեծացումը: Արմեն Մուրադյանը նշեց նաև, որ 2015 թվականի հունվարի 1-ից մեկնարկել են Համաշխարհային բանկի հետ իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային ծրագրեր, որոնց մասին պետք է բարձրացնել բնակչության իրազեկվածության մակարդակը: Նախարարը խոսեց նաև այս տարվա հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատությունների` կյանք փրկող ծրագրի մասին: Կարևորվեց դժվարամատչելի հետազոտությունների դեպքում միայն խիստ ցուցումներով առաջնորդվելու մոտեցումը: Արմեն Մուրադյանը հայտնեց նաև, որ նախարարությունը քայլեր է ձեռնարկում Երևանի և մարզային բժշկական հաստատություններում որակի վերահսկման բաժիններ ստեղծելու ուղղությամբ, և այս գործում ակնկալվում է մարզային հիվանդանոցների ակտիվ մասնակցությունը:
Մայրական և մանկական մահացությունը, նախարարի տեղեկացմամբ, երկրի ղեկավարի ուշադրության կենտրոնում է: Համակարգի պատասխանատուն շեշտեց, որ բոլոր կրիտիկական դեպքերը շարունակվելու են ենթարկվել մասնագիտական վերլուծության, ինչը կնպաստի մայրական մահացության նվազեցմանը:
Ներկայացվեցին նաև վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկողությանը և կանխարգելմանն ուղղված աշխատանքները: Կարևորվեց մանկապարտեզներում և նախակրթական հաստատություններում սննդի և սանիտարական նորմերի նկատմամբ խիստ վերահսկողությունը:
Ընդգծվեց, որ բոլոր գերատեսչությունների հետ միասնական աշխատանքը հնարավորություն կտա խուսափել մանկապարտեզներում նախկինում արձանագրված խնդիրներից: Միաժամանակ, մանկապարտեզներում առաջիկայում շինարարական աշխատանքներ իրականացնելիս կարևորվեց պատասխանատու գերատեսչությունների անմիջական մասնակցությունը:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզում գործում է պետական պատվեր իրականացնող 43 բժշկական կազմակերպություն: ՀՀ ԱՆ Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը նշեց, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Առողջապահական համակարգի արդիականացման ծրագրով այս մարզի առողջապահական ոլոտին 2000թ. սկսած ներդրվել է 3 մլրդ 1 մլն դրամ:
Մարզում կառուցվող Ճամբարակի բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է աշնանը, իսկ Սևանի բժշկական կենտրոնի նախագծման աշխատանքները կմեկնարկեն այս տարվա հուլիսին, այնուհետև նախագծանախահաշվարկային աշխատանքների ավարտից հետո 2016 թվականի առաջին եռամսյակում ծրագրվում է նոր` 40 մահճակալ ունեցող հիվանդանոցի շինարարական աշխատանքների սկիզբը: Նելսոն Զուլոյանը հայտնեց, որ ՀՀ նախագահը օրեր առաջ Մարտունի այցելության ժամանակ, հանձնարարել է ներկայացնել տեղի բժշկական կենտրոնի արդիականացման ծրագիր, որի ուղղությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ:
Սկրինինգային ծրագրերին անդրադառնալով` նշվեց, որ ցուցանիշները բավարար են և, որ դրանց նպատակն է առաջին հերթին ռիսկային դեպքերի բացահայտումը:
Տավուշի մարզի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը ևս ներկայացրեց մարզի առողջապահական խնդիրներն ու գրանցած հաջողությունները: Մարզն ունի 123 հազար 816 բնակիչ, որից 28 հազարը երեխա: Մարզում գործում է չորս բժշկական կենտրոն:
Ամփոփելով աշխատանքային հանդիպումը` մարզային պատասխանատուներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Կարևորվեց ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարին ուղղված աշխատանքների իրականացումը, որակյալ կադրերով համալրումը: Առանձնակի շեշտադրվեցին ծննդօգնության բարելավմանն ուղղված աշխատանքները և դեղերով ապահովվածության հարցերը: Քննարկվեց նաև ՀՀ առողջապահության նախարարության մարզային առանձնացված կառույցների գործունեությունը:
Հաջորդիվ` ՀՀ առողջապահության նախարարն աշխատանքային հանդիպումներ կունենա Գեղարքունիքի բժշկական կենտրոնների բուժանձնակազմերի հետ:






