Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցելության շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ եղավ նաև Մարտունու ծննդատանը: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին առողջապահության նախարարության մամլո ծառայությունից։

Նախարարը շրջեց տարածքում, այցելեց նորածիններին և նրանց մայրերին: Բուժաշխատողների հետ զրույցում նախարարն իր գոհունակությունը հայտնեց ծննդատան ղեկավարությանը հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար: 

«Իրականում շատ դժվար, հայրենասեր աշխատանք եք կատարում, որը մեծ պատասխանատվություն է ենթադրում: Դուք ձեր գործի նվիրյալներն եք»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը: 

Նշենք, որ Մարտունու ծննդատանը տարեկան գրանցվում է ավելի քան 1200 ծնունդ: Բժշկական կազմակերպությունը վերանորոգվել է 1996 թվականին` իտալացի բարերարների միջոցներով: Այն Գեղարքունիքի մարզի լավագույն ծննդատներից մեկն է, որն ունի ծննդաբերական, գինեկոլոգիական, վիրահատական, կլինիկո-լաբորատոր և ախտորոշիչ ծառայություններ, ինչպես նաև կանանց կոնսուլտացիա: 

Ծննդատանը աշխատում է շուրջ 100 բուժաշխատող: Տնօրինության հավաստմամբ` քայլեր են ձեռնարկվում մատուցվող ծառայությունների ծավալները ընդլայնելու, անձնակազմի որակավորումը բարձրացնելու ուղղությամբ: Ծննադատանը կատարվում է նաև մարզի բժիշկների և բուժքույրերի վերապատրաստում: