Ամռանը մոտ 200-300 հազար մարդ Հայաստանից գնում է հանգստանալու, հայտնել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Իսկ ո՞ր երկրներն են նախընտրում մեր հայրենակիցները:
Սոցիոլոգի խոսքով՝ մոտ 150 հազար հայ ամեն տարի գնում է հարեւան Վրաստան, որտեղ գները, այլ հանգստավայրերի համեմատ, ավելի ցածր են: Մարդկանց մեծամասնությունը գնում է ընկերների հետ, այդ պատճառով սոցիոլոգը ենթադրում է, որ եթե ամեն ընտանիքում միջինում երեք հոգի է, ապա մոտ 50 հազար ընտանիք ամեն տարի մեկնում է Վրաստան:
Որոշ մարդիկ գնում են այն երկրներ, որտեղ ապրում ու աշխատում են նրանց բարեկամները: Ահարոն Ադիբեկյանի տվյալներով՝ ամեն վեցերորդ ընտանիքը ապրում է արտերկրից ուղարկվող գումարներով, սակայն ոչ բոլորն են, բնականաբար, գնում արտերկրում բնակվող բարեկամների մոտ:
Նախկինում շատ էին այցելում նաեւ Թուրքիա, սակայն վերջերս հայերն ավելի քիչ են գնում այնտեղ: Դեռեւս շատ են Եգիպտոսը նախընտրողները, իսկ ավելի մեծ եկամուտներ ունեցողները մեկնում են Մալթա։ Ֆրանսիա, Իսպանիա կամ Հունաստան շատ քիչ մարդիկ են գնում:
Սոցիոլոգը նշեց նաեւ, որ Հայաստանում այսօր մոտ 190 տուրիստական գործակալություն է աշխատում: Եթե դրանցից ամեն մեկը հանգստանալու ուղարկի մոտ 300 մարդ, ստացվում է, որ տարեկան մոտ 60 հազար մարդ իրենց հանգիստը կազմակերպում են տուրիստական գործակալությունների միջոցով:
Ընդհանուր առմամբ՝ սոցիոլոգի խոսքով, հայերի միայն 15 տոկոսը որեւէ տեղ հանգստանալու հնարավորություն ունի, մնացածը հանգիստն անցկացնում է տանը:
ԽՍՀՄ օրոք, սակայն, իրավիճակը դժվար թե ավելի լավը լիներ: Ինչպես նշեց Ահարոն Ադիբեկյանը, 1000 մարդուց միայն 65-ն էին ուղեգրեր ստանում ու կարողանում հանգստանալ արհմիությունների եւ պետության հաշվին: Իսկ արտերկիր մեկնել եւս շատերը իրենց չէին կարողանում թույլ տալ:






