Հյուսիսային Ուելսի 34-ամյա բնակչուհի Էլիս Մանը հազվադեպ հոգեկան խանգարմամբ է տառապում: Նա օրական մի քանի ժամ փորձում է քերթել սեփական մաշկը, ինչի հետևանքով դրա վրա վերքեր են ի հայտ գալիս:

Այս հիվանդությունը կոչվում է դերմատիլոմանիա: Սա հոգեկան խանգարում է, որի դեպքում մարդու մոտ անընդհատ հետապնդող մտքեր են լինում այն մասին, որ պետք է տարբեր վնասներ հասցնել սեփական մաշկին: Դերմատիլոմանիան անբուժելի է, սակայն Էլիսը շատ է ցանկանում կոգնիտիվ վարքագծային թերապիա սկսել` հիվանդությունը վերահսկելու նպատակով:

«Ես չեմ ուզում ինքս ինձ վերքեր հասցնել, սակայն ոչինչ չեմ կարող անել, - նշել է Էլիսը, - դա նույնն է, երբ մարդ կրծում է եղունգները: Դրանից հետո հանգստության որոշակի ժամ է գալիս, և ես սկսում եմ ամաչել ու մեղավոր զգալ ինձ: Այդ ամենը տեղի է ունենում ենթագիտակցության մակարդակով, երբ ես նույնիսկ չեմ վերահսկում իմ զգացումը: Օրինակ, ես դա կարող եմ անել հեռուստացույց դիտելիս»:

Առաջին անգամ հիվանդությունը գլուխ բարձրացրեց այն ժամանակ, երբ Էլիսը 9 տարեկան էր: Նա սկսեց քորել ծնկները դպրոցում: Ժամանակի ընթացքում կինը սովորեց ապրել իր այս խնդրի հետ, սակայն վախենում է, որ երեխաները կժառանգեն նրանից այս սովորությունը: Կինը հույս է հայտնում, որ այն ժամանակ, երբ իր որդին արդեն մեծ լինի, նա ի զորու կլինի կարգավորել իր վարքագիծը հատուկ կոգնիտիվ թերապիայի միջոցով: