Ֆրանսիայում արձանագրվել է բժշկության պատմության մեջ ՄԻԱՎ վարակի ռեմիսիայի առաջին դեպքը, ընդ որում՝ առանց բուժման:
18-ամյա ֆրանսուհին, որի անունը չի նշվում, վարակվել է ՄԻԱՎ-ով մորից ծննդաբերության ժամանակ: Սկզբում բժիշկները նրան դեղեր էին տալիս՝ հույս ունենալով կանխել վարակումը, սակայն հետո, պարզելով, որ երեխան վարակվել է, սկսեցին նրան հակառետրովիրուսային բուժում նշանակել: Նա այդ բուժումը ստանում էր 6 տարի շարունակ, իսկ այնուհետեւ բժիշկների հետ կապը անհայտ պատճառներով կտրվեց:
Երբ մայրն ու աղջիկը կրկին եկան բժիշկների մոտ, մայրը խոստովանեց, որ այդ տարիների ընթացքում աղջկան ոչ մի դեղ չի տվել: Բժիշկները զարմանքով հայտնաբերեցին, որ աղջկա անալիզներում վիրուսի առկայությունը նշմարելի չէ:
Այժմ աղջիկն արդեն 18 տարեկան է, եւ ռեմիսիան շարունակվում է 12 տարի: Այս տարիների ընթացքում նա հակառետրովիրուսային բուժում չի ստացել, սակայն գտնվում էր բժիշկների հսկողության ներքո եւ կանոնավոր անալիզներ հանձնում: Այս ընթացքում նա իրեն լավ է զգացել, հիվանդության մասին ոչինչ չէր հիշեցնում:
Իհարկե, չի կարելի պնդել, որ աղջիկը բուժվել է ՄԻԱՎ-ից, սակայն նրա օրգանիզմը գիտությանն անհայտ ինչ-որ ձեւով առանց դեղորայքի վերահսկում է ինֆեկցիան՝ թույլ չտալով, որ այն զարգանա: Սովորաբար վիրուսային ծանրաբեռնվածությունը աճում է բուժումը դադարեցնելուց 6-8 շաբաթ անց: Իսկ աղջկա մոտ դա տեղի չունեցավ:
«Մենք կարող ենք գտնել ՄԻԱՎ-ը բջիջներում, սակայն չենք կարող որոշել պլազմայում դրա ռեպլիկացիան: Մենք չգիտենք, ինչու է աղջկա օրգանիզմը կարողանում վերահսկել ինֆեկցիան: Նա համապատասխան գենետիկական գործոններ չունի, որոնք առկա են պացիենտների եզակի խմբի մոտ», - նշել է հետազոտության հեղինակ Ասյեր Սաեզա-Սիրիոնը Փարիզի Պաստերի ինստիտուտից:
Գիտնականները ենթադրում են, որ երկարատեւ ռեմիսիան ի հայտ եկավ այն հանգամանքի արդյունքում, որ աղջիկը սկսկել է հակառետրովիրուսային բուժում ստանալ վարակումից անմիջապես հետո: Դա նշանակում է, որ չափահաս պացիենտները եւս պետք է սկսեն բուժվել վարակվելուց անմիջապես հետո:
«Սա եզակի դեպք է: Բայց խոսում է այն մասին, որ երկարատեւ ռեմիսաիան ժամանակին բուժումը սկսելու դեպքում հնարավոր է: Դա ոգեւորող օրինակ է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց եւ այս ոլորտում աշխատող բժիշկների համար, - նշում են գիտնականները, - մենք համոզված ենք, որ ապագայում եւս նմանատիպ դեպքեր կլինեն: Այդ պատճառով ոչ մեկ չպիտի թուլացնի ջանքերը այն պայմաններում, երբ ամեն օր նոր ապացույցներ են ի հայտ գալիս այն մասին, որ ՄԻԱՎ-ը հաղթահարելի է»:
Այժմ մասնագետները փորձում են հասկանալ, ինչու են ռեմիսիայի դեպքեր հազվադեպ գրանցվում, ինչպես նաեւ բացահայտել դրա ազդեցության մեխանիզմները՝ այլ վարակված մարդկանց հետ աշխատելու համար:






