Գիշերային հերթափոխերը աշխատանքի վայրում ավելի հավանական են դարձնում կրծքագեղձի ու շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը, պնդում են Pompeu Fabra University–ի (Բարսելոն) գիտնականները:

Գիշերային հերթափոխերը նախկինում էլ էին կապում քաղցկեղային հիվանդությունների զարգացման բարձր հավանականության հետ, սակայն այն ժամանակ գիտնականները չկարողացան պարզել այս կապի էությունը: Այժմ վերոնշյալ համալսարանի գիտնականները պարզել են, որ գիշերով աշխատող մարդկանց մոտ որոշակի հորմոնալ փոփոխություններ են տեղի ունենում՝ ոչ ճիշտ ժամանակին են սկսում արտադրվել սեռական հորմոնները՝ էստրոգենն ու տեստոստերոնը:

Pompeu Fabra University-ի գիտնականները 100 մարդ են հետազոտել, որոնք աշխատում էին տարբեր հերթափոխերին: Նրանք 24 ժամվա ընթացքում մի քանի անգամ մեզի անալիզ էին հանձնում: Գիտնականները նաեւ ստուգում էին հորմոնների մակարդակը: Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, որոնք աշխատում են գիշերով, սեռական հորմոնների մակարդակը բարձրանում է այն ժամանակ, երբ դրա կարիքը չկա: Օրինակ՝ տեստոստերոնը բարձրանում է առավոտյան ժամը 10-ից մինչեւ 14-ը, այնինչ դա պետք է տեղի ունենար առավոտյան 6-ից մինչեւ 10-ը:

Գիտնականների խոսքով՝ հենց այդ հորմոնալ փոփոխություններն են քաղցկեղի որոշ տեսակների զարգացման պատճառ դառնում: