ԱՄՆ-ում անցկացրած նոր մեծ հետազոտության մասնակիц կանաց մոտ 99%-ը դիմել է հղիության արհեստական ընդհատման, չնայած այն բանին, որ ինքնակամ համաձայնվել է դիտել պտղի ուլտրաձայնային պատկերը:

Հիմնվելով հղիության արհեստական ընդհատում պլանավորած 15000ից ավելի կանանց բժշկական գրառումների վրա` հետազոտողները հայտնաբերել են, որ կանանց միայն մի փոքր մասն է փոխել միտքը` տեսնելով պատկերը:

ԱՄՆ տասը նահանգներ օրենք են ընդունել այն մասին, որ բժիշկները պետք է ՈՒՁՀ անեն, նախքան հղիության արհեստական ընդհատում կատարելը, իսկ դրանցից երեքում՝ կինը պետք է նաեւ դիտի պատկերը:

Ուլտրաձայնային օրենքի փաստաբանները իրենց պահանջը հիմնավորում են այն բանով, որ, դիտելով պտղի պատկերը, կինը կարող է փոխել իր հղիությունը ընդհատելու միտքը, տեղեկացնում է Fox News-ը։

Հետազոտողները դիտարկել են Լոս-Անջելեսի ընտանիքի պլանավորման 19 կլինիկաների 15575 կանանց բժշկական գրառումները 2011թ. ընթացքում: Այդ հաստատություններում սովորաբար ՈՒՁՀ են արել հղիության արհեստական ընդհատումից առաջ եւ կանոնավոր հարցրել են հիվանդներին, ցանկանում են արդյոք տեսնել պատկերը: Ստանդարտ գործընթացը պահանջում էր նաեւ հարցնել հիվանդին, թե որքանով է նա վստահ իր որոշման մեջ:

Երկու հարցերի պատասխաններն էլ նշվել են հիվանդի բժշկական էլեկտրոնային քարտի մեջ, ասվում է հետազոտության մեջ: Սան-Ֆրանցիսկոյի Քալիֆորնիայի համալսարանի բժշկության դպրոցից Կատրինա Կիմպորտը եւ նրա գործընկերները վերլուծել են այդ գրառումները եւ հայտնաբերել, որ կանանց մեծ մասը (85,4 տոկոս) ասել է, որ համոզված է, որ ճիշտ ընտրություն է արել: Ավելի փոքր մասը (7,4 տոկոս) հայտնել է, որ այնքան էլ վստահ չէ կամ ամենեւին վստահ չէ հղիությունը ընդհատելու որոշման ճիշտ լինելու հարցում:

Չնայած, որ հետազոտության բոլոր կանանց արել են ՈՒՁՀ, սակայն կեսից քիչ մասն (42.5 տոկոս) է ցանկացել տեսնել պատկերը: Հղիության պլանավորված արհեստական ընդհատումների 98.8% տեղի է ունեցել: Իրենց երեխայի նկարնեը չդիտած կանանց 99% կատարել է հղիության ընդհատում: Իսկ պատկերը դիտած կանանց 98.4%-ն է  կատարել հղիության ընդհատում:

Ամենայն հավանականությամբ, պատկերները մեծագույն ազդեցություն էին գործում այն կանանց վրա, որոնք հաստատ չէին կողմնորոշվել միջամտությունը իրականացնելու հարցում: Այս խմբում այն կանանցից, ովքեր դիտել են ուլտրաձայնային պատկերը, ավելի քչերն են կատարել հղիության ընդհատում. 95.2% կատարել են հղիության ընդհատում, ի տարբերություն 97.5% չկողմնորոշված կանանց, որոնք չեն տեսել պտղի պատկերը: Կանայք, որոնք վճռական են տրամադրված եղել, չեն փոխել իրենց որոշումը նկարը տեսնելուց հետո: