Ամառային հանգստի արդյունավետությունը կախված է ոչ միայն այն հանգամանքից, թե որտեղ կանցկացնեք այն, այլ նաեւ նրանից, թե ում հետ եք հանգստանալու: Այդ պատճառով, հոգեբան Դոնարա Խանոյանի խոսքով՝ շատ կարեւոր է ճիշտ ընտրել, ում հետ եք անցկացնելու հանգիստը:
Նրա խոսքով՝ եթե Ձեր կողքին լինելու է մեկը, ով անընդհատ բողոքելու ու Ձեզ է փոխանցելու իր նեգատիվը, Դուք դժվար թե կարողանաք հանգստանալ: Այդ պատճառով ճամփա ընկեք այն մարդկանց հետ, որոնք կարողանում են ուրախանալ կամ գոնե ճիշտ հանգստանալ:
Դոնարա Խանոյանը նշեց նաեւ, որ ամենակարեւորը հանգստի մեկնելիս համակարգիչ կամ աշխատանքային փաստաթղթեր չվերցնելն է: Դրանք կխանգարեն հանգստին նեգատիվ ուղեկիցներից շատ:
Իսկ պետք է արդյոք հանգստանալու գնալ երեխաների հետ: Այս հարցի շուրջ վեճերը շարունակվում են:
Կա կարծիք, որ, եթե ճանապարհորդությունը երկար չէ, իսկ կլիման ու սնունդը շատ չեն տարբերվում նրանից, ինչին երեխան սովոր է, նրան կարելի է տանել: Ի վերջո, երեխան եւս հանգստի ու նոր տպավորությունների կարիք ունի: Սակայն այսպիսի ճանապարհորդություններիժամանակ պետք է զգույշ լինել եւ հետեւել, որպեսզի երեխան չհոգնի, ջերմային հարված չստանա եւ չուտի այնպիսի մթերքներ, որոնց նրա օրգանիզմը սովոր չէ:
Շատ զույգեր, սակայն, ցանկանում են երեխաներից հեռու հանգստանալ եւ նրանց, մասնագետի խոսքով, կարելի է հասկանալ: Այս զույգերը պետք է երեխաներին տանը թողնեն (օրինակ, տատիկի ու պապիկի հետ): Երեխաների համար էլ դա կարող է օգտակար լինել: Նրանք ավելի ինքնուրույն կդառնան ու չեն ցանկանա մշտապես ծնողների կողքին գտնվել:






