Պարզվում է՝ ոչ բոլոր մարդիկ են սիրում համբուրվել: Ավելին՝ ինչպես հայտնում են ամերիկյան գիտնականները, ամեն երկրորդ մարդը համբուրվել չի սիրում:
Ինդիանայի ու Նեւադայի պետական համալսարանների գիտնականները վերլուծել են 168 երկրների սիրային պրակտիկան ու բացահայտել, որ երկրագնդի բնակչության 54 տոկոսը ընդհանրապես չի ընկալում համբույրները որպես սեռական գործողության մաս: Իհարկե, շատ բան է կախված երկրից: Որոշ երկրներում մարդիկ համբուրվել սիրում են, որոշներում՝ ոչ:
Այսպես, մերձարեւելյան մշակույթների գրեթե 100 տոկոսը չի կարող պատկերացնել իր կյանքն առանց ռոմանտիկ համբույրների: Նմանատիպ ցուցանիշներ էլ արձանագրվել են Կենտրոնական Ամերիկայում: Եվրոպական ու Ասիական մշակույթերում բնակչության մոտ 70 տոկոսը սիրում է համբուրվել, իսկ Հյուսիսային Ամերիկայում՝ 55 տոկոսը, Ավստրալիայում՝ 44 տոկոսը: Իսկ ահա համբույրների տեսանկյունից ամենահանգիստն էին Աֆրիկայի ու Հարավային Ամերիկայի բնակիչները: Այնտեղ համբուրվում է սիրահարների միայն 20 տոկոսը:
«Որոշ հասարակություններում համբույրները համարվում են բարեկամական հարաբերությունների նշան, այլ հասարակություններում՝ սեռական գործունեության մաս, սակայն կարեւոր է ընդգծել, որ կան մարդիկ, որոնց համար նույնիսկ մի քանի անմեղ համբույր համարվում են կեղտոտ, տհաճ կամ պարզապես անսովոր որեւէ բան», - նշեցին գիտնականները:
Այսպիսով, հետազոտողները հերքում են ընդունված այն կարծիքը, որ համբույրները մարդի վարքագծի անբաժանելի մաս են:






