Այս տարվա ընթացքում Հայաստանում դիաբետի 4 դպրոց եւ դիաբետի կենտրոն կբացվի: Դրանք գտնվելու են Մուրացան եւ Արաբկիր երեւանյան բժշկական կենտրոններում, քաղաքային դիսպանսերում եւ Գյումրիի կլինիկաներից մեկում: Այս մասին լրագրողներին պատմեցին ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան եւ մոր եւ մանկան առողջության պահպանման վարչութան երեխաների առողջության պահպանման բաժնի ղեկավար Նունե Փաշայանը:

Դիաբետի դպրոցներում դիաբետով տառապող երեխաներն ու նրանց ծնողները կկարողանան հիվանդության մասին տեղեկություններ ստանալ՝ այն մասին, թե ինչ է դիաբետը, ինչով է վտանգավոր եւ ինչպիսի բարդացումներ կարող են ի հայտ գալ: Նրանց կպատմեն նաեւ այն մասին, թե ինչով է վտանգավոր արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումը եւ, իհարկե, ինչով է վտանգավոր դրա նվազումը՝ հիպոգլիկեմիան: Հիվանդության ավելի լավ ընկալումը կարող է դրա բուժումն ու վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնել: Երեխաներին ու նրանց ծնողներին կսովարացնեն նաեւ տարբեր բարդացումների դեպքում առաջին օգնություն ցույց տալ: Նրանց կբացատրեն նաեւ, թե ինչպիսի ապրելակերպ պետք է վարի դիաբետ ունեցող մարդը:

Բացի այդ՝ բոլոր կենտրոնները կապահովվեն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշման սարքավորումներ:

Ինչպես նշեցին մասնագետները, այս դպրոցների ստեղծման նպատակն է՝ սովորեցնել մարդկանց վերահսկել դիաբետը ու տեղեկություններ տրամադրել այն մասին, թե ինչ անել այս կամ այն իրավիճակներում: Սա, անկասկած, կհանգեցնի հիվանդության ավելի լավ վերահսկմանը, ինչպես նաեւ կօգնի խուսափել բարդացումներից: