Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի մայիս-հուլիս ամիսներին արձանագրվել է կարմրուկի 18 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապված են Եվրոպայից, Ռուսաստանի Դաշնությունից եւ Վրաստանից ժամանած հիվանդ անձանց հետ: Դեպքերից 17-ի մոտ կարմրուկը հաստատվել է լաբորատոր, իսկ 1-ի մոտ առկա է համաճարակաբանական կապը: Դեպքերից 11-ը 2-7 տարեկան երեխաներ են, իսկ մյուս 7-ը` 24-50 տարեկան մեծահասակներ: 18 հիվանդից 15-ը կարմրուկի դեմ ընդհանրապես չեն պատվաստվել, իսկ 3-ը՝ թերի: Դեպքերից 2-ը գրանցվել է Գեղարքունիքի, 2-ը՝ Լոռու, 2-ը՝ Արագածոտնի մարզերում, իսկ 12-ը` Երեւանում:
2013-2015թթ. հանրապետությունում արձանագրված կարմրուկի դեպքերի համաճարակաբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում կապված են զբոսաշրջության հետ եւ գրանցվում են հիմնականում վերջինիս աշխուժացման ժամանակահատվածում՝ մայիս-օգոստոս ամիսներին: Բնակչության ակտիվ տեղաշարժերը նպաստում են Հայաստանի Հանրապետություն կարմրուկի վիրուսի ներթափանցմանը եւ հետագա տարածմանը: Կարմրուկի դեպքերը գերազանցապես արձանագրվում են չպատվաստված, պատվաստումներից հրաժարված եւ թերի պատվաստված անձանց շրջանում:
Վերջին տարիներին աշխարհի մի շարք երկրներում նկատվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի աշխուժացում: Կարմրուկի բռնկման դեպքեր են արձանագրվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Ռումինիայում, Ղրղզստանում, Ղազախստանում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում: Վրաստանում շարունակվում է դեռեւս 2013 թվականին սկսված կարմրուկի բռնկումը:
Հիշեցնենք, որ կարմրուկը սուր վարակիչ եւ բարձր կոնտագիոզ (հպավարանցիկ) հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային մեխանիզմով: Գաղտնի շրջանը տեւում է մինչեւ 21 օր, միջինը՝ 7-18 օր: Հիվանդությունը սովորաբար սկսվում է տենդով, հազով, ռինիտով (քթի լորձաթաղանթի բորբոքում), կոկորդի ցավով, կոնյուկտիվիտով (աչքերի եղջրաթաղանթի բորբոքում), հետո միանում է ցանը: Կարմրուկի բարդություններից են թոքաբորբը, ուղեղի այտուցը, էնցեֆալիտը:
ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստումը կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ եւ արդյունավետ միջոցն է:
Հայաստանի Հանրապետության Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսվում է երկու դեղաչափ համակցված ԿԿԽ (կարմրուկ-կարմրախտ-խոզուկ) պատվաստում՝ 12 ամսականում եւ 6 տարեկանում:






