Հուլիսի 21-22-ին Թալինի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է դիմել 16 երեխա՝ 10-11 տարեկան, որոնք գանգատվել են ջերմության բարձրացումից, սրտխառնոցից, որովայնի ցավից, լուծից, փսխումից: Այս մասին հայտնում Հայաստանի առողջապահության նախարարությունը։

Երեխաներից 11-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, որոնք հոսպիտալացվել են: Մնացած երեխաների նկատմամբ կազմակերպվել է ամբուլատոր բուժում: Այսօր բոլորի վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ:

Հիվանդության առաջացման սննդային և ջրային գործոնը պարզաբանելու, ինչպես նաև հետագա տարածումը կանխելու նպատակով՝ անմիջապես կազմակերպվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:

Մասնավորապես`

1.         լաբորատոր հետազոտությունների նպատակով հիվանդներից վերցվել են կենսանմուշներ, արդյունքում հայտնաբերվել է շիգելլա (զոննե),

2.         նոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման համար իրականացվում են բակային համայցեր,

3.         հիվանդների տնային օջախներում իրականացվել են ախտահանման աշխատանքներ,

4.         հետազոտվել է շրջակա միջավայրը, խմելու ջուրը և սննդամթերքը,

5.         իրականացվել է բժշկահիգիենիկ գիտելիքների քարոզչություն: