Ալբերտ Էյնշթեյնի անվան Նյու Յորքի բժշկական դպրոցի մասնագետները մշակել են դեղորայք, որը, նրանց խոսքով, կարող է դանդաղեցնել ծերացումը: Դեղորայքը ստեղծվել է մետֆորմինի հիման վրա (հակադիաբետիկ դեղ), որը մոռացության էր մատնվել ինսուլինի ստեղծումից հետո: Այս դեղորայքը տոկսիկ չէ, չի ազդում սիրտ-անոթային համակարգի վրա եւ հակավիրուսային ազդեցություն ունի:

Իսկ ինչպե՞ս է այն ազդում: Գիտնականների խոսքով՝ այն նվազեցնում է օրգանիզմում տարիքային հիվանդությունների ի հայտ գալու հավանականությունը: Քանի որ, ինչպես նշում են գերոնտոլոգները, մարդու բնական մահը ոչ թե ծերության պատճառով է տեղի ունենում, այլ մեկ կամ մի քանի հիվանդություններից, որոնց արդեն չի կարողանում դիմակայել օրգանիզմը:

Նոր դեղորայքը ստուգել են կրծողների եւ նեմատոիդ որդերի վրա, ինչից հետո կենսաբանները հիմքեր ունեցան պնդելու, որ դեղորայքը դրական է անդրադառնում նաեւ մարդու օրգանիզմի վրա:

«Մենք կարծում ենք, որ ծերանալը դանդաղեցնելու միակ միջոցը տարիքային հիվանդությոնները հետաձգելն է՝ այսինքն՝ այն ժամանակի կրճատումը, որոնք մարդիկ անցկացնում են հիվանդ վիճակում», - նշվում է ամերիկյան FDA-ի զեկույցում:

Այսինքն՝ գիտնականները փորձում են բնութագրել ծերանալը որպես «ախտանիշ», քանի որ միայն այս դեպքում հնարավոր կլինի դրա դեղորայքային բուժումը: Նրանք չեն կարծում, որ մետֆորմինը ծերացման դեմ լավագույն դեղն է լինելու, սակայն այն կարող է դառնալ առաջին այսպիսի դեղորայքը: Մարդկանց վրա փորձարկումները պլանավորվում է սկսել մեկ ամսվա ընթացքում: Դրանց կմասնակցեն 15 բժշկական կենտրոն եւ 3000 կամավոր՝ 70-80 տարեկան: Փորձարկումները կտեւեն 5-7 տարի, եւ դրանց վրա կծախսեն 50 միլիոն: Այժմ, սակայն, գիտնականները ֆինանսավորման աղբյուր չեն կարողանում գտնել: