Դիզենտերիայով զանգվածային վարակման պատճառը սանիտարահիգիենիկ նորմերի խախտումն է, կարծում է Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության ազգային ակադեմիայի փոխնախագահ, ապրանքների եւ ծառայությունների որակի վերլուծության դեպարտամենտի ղեկավար Միլետա Արեստակեսյանը:
Նրա խոսքով՝ եթե մթերքները սխալ են տեղափոխվում, եթե մեքենաներում համապատասխան ջերմաստիճան չի ապահովվում (հատկապես ամռան ընթացքում, երբ մթերքներն արագ են փչանում) եւ եթե մթեքները սխալ պայմաններում են պահվում, դրանց մեջ կարող են տարբեր բակտերիաներ ներթափանցել:
Միլետա Արիստակեսյանի խոսքով՝ ՀՀ առողջապահության նախարարությունը աշխատանքներ է տանում այս ուղղությամբ եւ օգնում է հասկանալ այս նորմերը եւ հետեւել դրանց, սակայն շատ տեղերում հիգիենային շարունակում են ոչ լուրջ վերաբերվել, ինչի արդյունքում լինում են թունավորումներ, դիզենտերիա եւ բազմաթիվ այլ հիվանդություններ:
Միլետա Արիստակեսյանը նշեց նաեւ, որ թունավորման ու դիզենտերիայի դեպքերը միշտ էլ շատ են, պարզապես նախկինում դրանց մասին հայտնի չէր դառնում, ինչպես դա լինում է այսօր:
Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում արձանագրվել են թունավորման եւ երեխաների մոտ դիզենտերիայի բազմաթիվ դեպքեր: Վերջին բռնկումը Թալինում է եղել: Հուլիսի 21-22-ն ընկած ժամանակահատվածում Թալինի ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել 16 երեխա ՝ 10-11 տարեկան ջերմության, սրտխառնոցի, փորլուծության, փսխման ախտանիշներով:






