Նորագավթում աղիքային ինֆեկցիայի արդյունքում հուլիսի 24-ի տվյալներով հոսպիտալացվածներ չկան: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Հատուկ վտանգավոր վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի մասնագետները բակային համայցեր են կազմակերպել այս թաղամասում եւ մոտ 40 հիվանդ հայտնաբերել: Հիվանդների տներն այնուհետեւ այցելեցին տեղի պոլիկլինիկայի աշխատակիցները, ստուգեցին նրանց ինքնազգացողությունը, խորհուրդներ ու դեղեր տվեցին:

«Աղիքային ինֆեկցիայի պատճառները պարզելու համար աշխատանքներ են տարվում, մենք համագործակցում ենք քաղաքապետարանի ու ամբուլատորիաների հետ: Իրավիճակը վերահսկվում է, մասնագետների խմբերն աշխատում են դեպքի վայրում», - նշեց Լիանա Թորոսյանը:

Նրա խոսքով՝ հիվանդների վիճակը թեթեւ է կամ միջին ծանրության, ծանր հիվանդներ այս պահին չկան:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին առավոտյան ՀՀ առողջապահության նախարարությունը ահազանգ ստացավ առ այն, որ Երեւանի Նորագավիթ թաղամասի 10-րդ փողոցի տներից մեկում արձանագրվել է հիվանդության դեպք, որի ախտանիշները աղիքային ինֆեկցիա են հիշեցնում: Նմանատիպ ախտանիշներ հայտնաբերվել են նաեւ հարեւան տների բնակիչների մոտ: Բոլորի մոտ նկատվում էին նույն ախտանիշները՝ ոչ բարձր ջերմությունը, փսխում, փորլուծություն: Ընդհանուր առմամբ տարբեր տարիքի մոտ 40 մարդ է վարակվել: