ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն այսօր Նորագավիթ համայնքում շարունակել են բակային համայցերը, կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները:
Իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ երեկ հայտնաբերված 50 հիվանդից 22-ն այսօր որեւէ գանգատ չունի։ 18-ի մոտ եղել են ստամոքսաղիքային թեթեւ երեեւույթներ՝ ցավեր որովայնի շրջանում, 3 հիվանդի մոտ` ջերմություն, 1 հիվանդ գանգատվել է լուծից: Հոսպիտալացված հիվանդներ չկան: Կարճ ժամանակում նման արդյունքներն արձանագրվել են մասնագետների արագ արձագանքման, հիվանդների հայտնաբերման եւ անհրաժեշտ աշխատանքների իրականացման շնորհիվ։ Միաժամանակ ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարականով բնակավայրը սպասարկող ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությանը երեկ հատկացվել է անհրաժեշտ դեղորայք, որն էլ անվճար տրամադրվել է բնակչությանը:
Իրավիճակի վերահսկման եւ նոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման համար կանխարգելիչ եւ հակահամաճարակային բոլոր միջոցառումները շարունակվում են։ Իրականացվում են բակային համայցեր, նմուշառումներ են արվում խմելու ջրի ցանցից՝ քիմիական եւ մանրէաբանական լաբորատոր հետազոտությունների համար:
Նշենք, որ հուլիսի 24-ին եւ 25-ին իրականացված խմելու ջրի քիմիական լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել, իսկ մանրէաբանական հետազոտություններն ընթացքում են։ Բնակչության շրջանում շարունակվում է բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը, մասնավորապես՝ աղիքային վարակների կանխարգելման հարցերի շուրջ:
Իրավիճակը վերահսկելի է։






