ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Թբիլիսիում է։

Այցի շրջանակում կկայանա Հայաստանի եւ Վրաստանի առողջապահության նախարարների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն առավել արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Արմեն Մուրադյանը կայցելի «Ֆրիդոն տոդուա» գիտահետազոտական ինստիտուտ, բժշկական այլ կազմակերպություններ: Նախատեսված է նաեւ հանդիպում դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Վրաստան այցը կեզրափակվի Ջավախքում, ուր հայկական պատվիրակությունը կծանոթանա Ախալցխայի եւ Ախալքալաքի բժշկական կենտրոնների գործունեությանը:

Նշենք, որ 1993 թվականին Հայաստանը Վրաստանի հետ ստորագրել է միջգերատեսչական համաձայնագիր, որի շրջանակում առկա է համագործակցությունը խթանելու եւ նորացնելու անհրաժեշտություն: Կան նաեւ առողջապահական գլոբալ մարտահրավերներ, մասնավորապես` վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը, որոնց ուղղությամբ հարեւան երկրների ջանքերի մեկտեղում է անհրաժեշտ: