Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցով Չեխիայում գտնվելու ընթացքում մի շարք ոլորտներում  համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել։ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարար Սվատոպլուկ Նեմեչեկը ստորագրել են  առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության համաձայնագիրը։  Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Համաձայն փաստաթղթի,  փոխհամագործակցություն կընթանա բավական լայն շրջանակներում` համակարգի բարեփոխում, բժշկական տարբեր ծառայությունների զարգացում, հանրային առողջության պահպանում և զարգացում, բժշկագիտական հետազոտություն, դեղագիտություն, մասնագիտական ուսուցում և վերապատրաստում, փոխայցելություններ, աշխատանքային շփումներ, փորձի, տեղեկատվության, վիճակագրության, առողջապահական օրենսդրական փաստաթղթերի և լավագույն հմտությունների փոխանակում և այլն։

«Չեխիայի առողջապահական համակարգը Եվրոպայում լավագույններից մեկն է համարվում։ Այդ երկրում արձանագրվել են մակական և մայրական մահացության եվրոպական ամենացածր ցուցանիշները, բավական զարգացած են սրտանոթային, ուռուցքաբանության, օրգանների եւ հատկապես ոսկրածուծի փոխպատվաստման և բժշկական մի շարք այլ ծառայություններ։ Նրանց փորձն ու հետագա մասնագիտական համատեղ ծրագրերը խիստ օգտակար կլինեն նաև Պրոֆ.  Յոլյանի անվան արյունաբանական մեր կենտրոնում ոսկրածուծի փոխպատվաստման ծառայության կազմակերպրման ու արդյունավետ գործունեության համար։

Ի դեպ, Պրոֆ.  Յոլյանի անվան արյունաբանական մեր կենտրոնը փոխհամագործակցության հուշագրեր է ստորագրել Պրահայի Արյունաբանության և արյան փոխներարկման  ինստիտուտի և «Ֆուլ Մեդիքըլ Սերվիսես» չեխական նորարարական ընկերության հետ, որը տեխնոլոգիաներ է մշակում մարդկային ցողունային բջիջների երկարաժամկետ պահպանման և օգտագործման համար։ Դրանք եւս կնպաստեն Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման ծառայության կայացմանը և զարգացմանը, ինչպես նաև ցողունային բջիջների փոխպատվատման կիրառմամբ տարբեր հիվանդությունների բուժման նոր մեթոդների ներդրմանը։

Պրահայում ստորագրված համաձայնագրերը ոչ միայն կխթանեն երկու երկրների առողջապահության համակարգերի համագործակցության ամրապնդումը, այլեւ դրանց հզորացումն ու առաջընթացը։