Նոր հետազոտւթյունը ցույց է տալիս, որ ալկոհոլի բոլոր տեսակները այդ թվում նախկինում բացառվող գինին նույնպես կարող են հանգեցնել պոդագրայի:
Պոդագրան (հոդատապը) հոդաբորբի պոտենցիալ հյուծիչ տարբերակներից մեկն է, որի հետ առնչվում են ավելի քան 8 միլիոն մարդ, եւ այդ թիվն աճում է:
Այսպես կոչված արքաների հիվանդությունն առաջացնում է հոդերի կարմրություն եւ այտուց: Հիվանդությունը սովորաբար ախտահարում է ավելորդ քաշ ունեցող մարդկանց բութ մատը, բայց այն երբեմն ախտահարում է նաեւ ոտքերը, կոճը, ծնկները, ձեռքերը եւ դաստակները: Ոգելից խմիչքների եւ պոդագրայի միջեւ կապը ենթադրվել է դեռեւս հին ժամանակներից, տեղեկացնում է Newsmax Health-ը։
2004 թվականին իրականացված ավելի քան 47000 տղամարդու հետազոտությունը հայտնաբերել է, որ գարեջուրը եւ ուժեղ ալկոհոլային ըմպելիքները բարձրացնում են պոդագրայի զարգացման ռիսկը: Այնուամենայնիվ, հետազոտության առաջատար հեղինակ, Բրուքլինի համալսարանի ռեւմատոլոգ, բժիշկ Տուհինա Նեոգին ասել է, որ որոշ հիվանդներ հաղորդում են «որ անգամ գինուց հոտ քաշելուց իրենց մոտ պոդագրայի սրացում է առաջանում»: Բոլոր տիպի ոգելից խմիչքների ազդեցությունը պոդագրայի առաջացման կարճաժամկետ ռիսկի վրա ուսումնասիրելու համար Նեոգին եւ նրա գործընկերները 2003 – 2012 թթ հարցում են կատարել ԱՄՆ-ում պոդագրայով հիվանդ 724 հասուն մարդու շրջանում, որոնցից 78%-ը տղամարդ էին:
Հետազոտության մասնակիցները իրենց պոդագրայի սրացումների, դեղերի, ֆիզիկական վարժությունների, ալկոհոլի օգտագործման եւ դիետաների վերաբերյալ մի քանի ամիսը մեկ անգամ հարցաթերթիկներ են լրացրել: Ինչքան շատ են նրանք խմել, այդքան բարձր է եղել 24 ժամվա ընթացքում պոդագրայի սրացման առաջացման ռիսկը, հաղորդել է Նեոգիի թիմը:
«Մեր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ անկախ տեսակից ալկոհոլի օգտագործումը, կարող է բարձրացնել պոդագրայի նոպաների առաջացման ռիսկը, ասաց Նեոգին,- բացի դրանից , ցանկացած տիպի ալկոհոլի օգտագործման նույնիսկ չնչին ավելացումը կարող է ավելացնել պոդագրայի նոպաների ռիսկը»:
Այս հետազոտության ավագ հեղինակ, Հարվարդի բժշկական դպրոցի բժիշկ Գերի Կուրխանը հաղորդել է Reuters Health-ին . «Ես կարծում եմ, բժիշկները պետք է խորհուրդ տան իրենց պոդագրայով հիվանդներին նվազագույնի հասցնել ալկոհոլի օգտագործումը»:






