Ամուսնանալը դրականորեն է ազդում մարդկանց վրա․ նրանք սկսում են քիչ խմել, պարզել են Միսսուրիի համալսարանի մասնագետները։ Նրանք վերլուծել են ոգելից խմիչքներից կախվածության վերաբերյալ այն հետազոտության տվյալները, որն իրականացվել էր Արիզոնայի համալսարանում։ Գիտնականներին հետաքրքրում էր, թե ինչպես է 18-ից 40 տարեկան, ալկոհոլ օգտագործող կամավորների վրա ազդում ամուսնությունը։ Մասնակիցների մոտ 50%-ը հարբեցող ծնողների զավակ էր, հայտնում է The Daily Mail-ը։
Հետազոտողները պարզել են, որ ամուսնությունից հետո մարդիկ սկսել են քիչ խմել։ Ընդ որում, դրական ազդեցությունն ամենից ավելի նկատելի է եղել այն մարդկանց շրջանում, ովքեր մինչ այդ ալկոհոլի հետ կապված լուրջ խնդիրներ են ունեցել։ Հետագա հետազոտությունները կօգնեն ճշգրտորեն պարզել, թե ամուսնությունն ինչու է այդպես ազդում մարդկանց պահվածքի վրա։
Առայժմ մասնագետներն արդյունքները բացատրում են՝ օգտագործելով դերերի անհամատեղելիության տեսությունը։ Այդ տեսության համաձայն, եթե մարդու պահվածքն անհամատեղելի է իր նոր դերի հետ, նա ստիպված է փոխել իր պահվածքը։ Խիստ հարբեցողների մոտ պահվածքի եւ նոր դերի անհամատեղելիությունը շատ նկատելի է։ Դրա համար էլ, որպեսզի համապատասխանեն ամուսնու դերին, նրանք վճռում են նկատելիորեն փոխել իրենց։






