Եվրոպացի գիտնականները արտասովոր՝  Wize Mirror են մշակում։ Այն ի վիճակի է արձանագրել մարդու դեմքի եւ շնչառության փոփոխությունները եւ դրանցից  ելնելով՝ եզրահանգում անել առողջության վերաբերյալ։ Հայելին իրենից ներկայացնում է սենսորների մի հավաքածու, որոնք ի հայտ են բերում դիաբետի, սրտային նոպայի եւ սրտանոթային այլ շեղումների զարգացումները։ Հայելին մշակող հետազոտական խումբը՝  Semeoticons-ը աշխատում է Եվրահանձնաժողովի հովանավորության ներքո։ Նրա ներկայացուցիչների խոսքով, նման հայելին հարմար սարքավորում է, որը գնահատում է մարդու կարգավիճակը եւ խորհուրդներ է տալիս կենսակերպի փոփոխության վերաբերյալ։ Սենսորներից բացի, հայելին  պատկերների արտացոլման բազմասպեկտրալ համակարգ ունի, որը հինգ տեսախցիկ է օգտագործում հատուկ երկարության լուսային ճառագայթումն ընկալելու համար, ինչպես նաեւ տարր, որը տաքացնում է մաշկը։ Դրանց օգնությամբ հնարավոր է անալիզի ենթարկել հյուսվածքները՝ պարզելու դրանցում ճարպի առկայությունը, ինչպես նաև՝ հեմոգլոբինի քանակը՝ արյան մեջ։

 Եռաչափ սկաներն էլ, իր հերթին, կառուցում է դեմքի թվային մոդելը՝ ստուգելով եւ հետազոտելով այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք են գիրացումը,  այտուցվածությունը։ Կա նաեւ բացառիկ մի հավելված, որը փնտրում է սթրեսի, հոգնության կամ անձկության նշաններ։ Հայելին կարելի է միացնել նաեւ «խելացի քթին» (Wize Sniffer), որը շնչառության մեջ թունավոր մոլեկուլներ կփնտրի, որոնք վկայում են ծխախոտի կամ ալկոհոլի օգտագործման մասին։ Ամբողջ անալիզի վրա մոտ մեկ րոպե է ծախսվում։

Հայելու կլինիկական փորձարկումները սկսվելու են եկող տարի՝ Իտալիայում եւ Ֆրանսիայում։