«Արմավիր» բուժկենտրոնում  աշխատավարձերի հնարավոր կրճատման կամ աշխատակիցների ազատման մասին որոշում դեռ չի ընդունվել։ Այդ մասին NEWS.am Medicine-ին հաղորդել է կլինիկայի տնօրեն Սարգիս Խաչատրյանը։

Նրա խոսքով, այսօր կլինիկայում ժողով են անցկացրել, որի ընթացքում աշխատակիցներին ներկայացրել են կլինիկայի առաջ կանգնած խնդիրը․ «Արմավիր» ԲԿ-ի տարեկան բյուջեն կրճատվել է 32 միլիոն դրամով, ինչի հետեւանքով անհրաժեշտություն է առաջ եկել կամ մի քանի բժշկի եւ բուժքրոջ կրճատել, կամ էլ՝ աշխատավարձերը։

Աշխատակիցները արտահայտել են իրենց կարծիքները, առաջարկներ են արել։ Ոմանք առաջարկել են աշխատավարձերը կրճատել որոշակի տոկոսով, ուրիշները առաջարկել են բոլորի մոտ պահել որոշակի ամրագրված գումար, երրորդներն էլ առաջարկել են մի ամսվա աշխատավարձից հրաժարվել։

«Մենք ընդունել ենք բոլոր հնչեցված կարծիքները, եւ բոլորը գոհ են մնացել։ Բայց վերջնական որոշում դեռ գոյություն չունի։  Մեր աշխատակիցների հիմնական որոշումն է՝ ամեն անգամ աշխատավարձ ստանալիս հրաժարվել որոշակի գումարից։ Այժմ յուրաքանչյուր բաժանմունքում պիտի որոշեն, թե կոնկրետ ինչպես է դա արվելու»,- նկատել է տնօրենը։

Նա նաեւ ավելացրել է, որ անհրաժեշտ կլինի անհատական մոտեցում դրսեւորել աշխատակիցների հանդեպ եւ հաշվի առնել յուրաքանչյուրի ֆինանսական դրությունը, ինչպես նաեւ այն, թե արդյո՞ք նրանք վարկեր ունեն։