Վիրահատարաններում դասական երաժշտություն միացնելու նոր միտումը կարող է վտանգավոր լինել վիրաբույժների աշխատանքի համար, որովհետեւ մեղեդիները բժիշկներին ստիպում են ավելի հաճախ սխալվել եւ մի քանի անգամ օգնականներին խնդրել, որ իրենց փոխանցեն այս կամ այն գործիքը։ Դրա մասին հայտնում են գիտական Journal of Advanced Nursing ամսագրում տպագրված հոդվածի հեղինակները։

«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ վիրահատարաններում երաժշտություն միացնելը կարող է խանգարել բժիշկների միջեւ արագ եւ արդյունավետ շփմանը։ Հոդվածը մասնավորապես ընդգծում է, որ պետք է հաշվի առնել ոչ միայն դրական, այլեւ բացասական հետեւանքները, որոնցով հղի է երաժշտությունը հիվանդների եւ վիրաբույժների համար»,-հայտարարել է Շերոն Ուելդոնը Լոնդոնի Կայսերական քոլեջից։

Ուելդոնն ու իր գործընկերները նկատել են, որ եթե վիրահատարանում երաժշտություն է միացված, վիրաբույժները ավելի շատ սխալ են թույլ տալիս եւ հինգ անգամ ավելի հաճախ են օգնականներին խնդրում, որ իրենց փոխանցեն այս կամ այն գործիքը։ Նման եզրակացության հանգելու համար գիտանականները հետեւել են 20 տարբեր վիրահատության Մեծ Բրիտանիայի երկու հիվանդանոցում։

Գիտնականները նաեւ նկատել են, որ երաժշտությունը վիրաբույժներին ստիպում է ոչ միայն կորցնել կենտրոնացումը եւ սխալվել, այլեւ՝ փչացնում է հարաբերությունները նրանց եւ իրենց գործընկերների ու ենթակաների միջեւ՝ ստիպելով բուռն արտահայտել իրենց զգացմունքները եւ վեճ սկսել վիրահատության ընթացքում, ինչը կարող է վտանգավոր լինել հիվանդի կյանքի եւ առողջության համար։

Ինչպես ենթադրում է Ուելդոնը, դիտարկումների նման արդյունքները վկայում են այն բանի մասին, որ երաժշտությունը ոչ միշտ է հիվանդներին օգնում լիցքաթափվել, իսկ վիրաբույժներին՝ կենտրոնանալ վիրահատության ընթացքում։ Ներկայումս երաժշտություն միացնել-չմիացնելու վերաբերյալ որոշում կայացնում են բացառապես վիրաբույժները, իսկ հոդվածի հեղինակները խորհուրդ են տալիս նման որոշում կայացնելուց առաջ խորհրդակցել նաեւ հիվանդի եւ օգնականների հետ։