26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան հանգամանքների ուսումնասիրության համար Հայաստանի Առողջապահության նախարարությունում հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը ներկայումս զբաղված է փաստերի հավաքմամբ եւ ուսումնասիրում է ձեռքի տակ եղող բոլոր փաստաթղթերը՝ առողջության թերթիկներ, հղիությանը հետեւելու քարտեր եւ այլն, որոնց հիման վրա իր մասնագիտական եզրակացությունը կանի։ Դրա մասին օգոստոսի հինգին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։ Նա նաեւ տեղեկացրել է, որ նախօրեին տեղի է ունեցել նախարարի հանդիպումը մահացած կնոջ հոր հետ եւ նրան առաջարկել են, որ հարազատների ներկայացուցիչները մշտապես ներկա լինեն այդ հանձնաժողովի նիստերին։
Ս․ Խաչատրյանի խոսքով, ծննդկանի մահվան յուրաքանչյուր դեպքի առիթով Առողջապահության նախարարությունը ստեղծում է հանձնաժողով՝ կազմված հանրապետության լավագույն մասնագետներից, ոչ միայն գինեկոլոգ –մանկաբարձներից, այլեւ՝ միջանկյալ մասնագիտացումներից։ Այս դեպքն ուսումնասիրվում է առանձնահատուկ մանրակրկիտությամբ՝ հաշվի առնելով հասարակական լայն հնչեղությունը։
«Առողջապահության նախարարության խնդիրը այս պարագայում անաչառ, ճշգրիտ, ազնիվ եւ բաց ուսումնասիրություն իրականացնելն է։ Հաշվի առնելով, որ բոլոր նման դեպքերը գտնվում են քննչական մարմինների վարույթում, մենք նաեւ սահմանափակում ունենք այս առումով, մենք կարողանում ենք մեր գործողություններն իրականացնել առկա փաստաթղթերի հիման վրա, եւ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ներկայացնենք զուտ մասնագիտական կարծիք»։
Փոխնախարարի խոսքով, հանձնաժողովը ուսումնասիրում է նաեւ հնարավոր վարկածները այն մասին, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ, բայց նրա հիմնական գործառույթն այն է, որ ի հայտ բերի այն բոլոր հնարավոր գործողությունները, հղիության վերահսկողության ընթացքում թույլ տրված սխալները, կազմակերպչական կամ պահվածքի թերացումները, որոնք կարող էին հանգեցնել մահվան, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն։
«Այս պահին որոշակի կարծիք կազմել մենք չենք կարող, եւ գտնում ենք, որ մինչեւ մանրամասն ամբողջ շղթան հղիության առաջին օրվանից, մեզ մոտ հաշվառման պահից մինչեւ մահ իր հետ կատարվածը մանրամասն չվերլուծվի, մենք վերջնական եզրակացություն անել չենք կարող։ Նախնական եզրակացությունից էլ ես կխուսափեմ, որովհետեւ ամբողջ ընթացքը դեռ մանրամասն վերլուծված չի։ Բացի այդ, քննություն է ընթանում, եւ մենք չէինք ուզենա, որպեսզի մեր արտահայտած կարծիքը որեւէ ազդեցություն ունենար այս գործընթացի վրա։ Բայց մենք հանձն ենք առել, որ այս գործընթփացն իրականացվելու հնարավորինս արագ», – ասաց նա, հավելելով, որ վերջնական եւ լիարժեք եզրակացությունները կարող են լինել միայն այն դեպքում, երբ ավարտված կլինի քննչական գործառույթը, կտրվի մեր մասնագիտական կարծիքը, եւ մենք պատրաստ ենք դա հայտարարելու։
Միաժամանակ նա լրատվամիջոցներին կոչ է արել մի քիչ թուլացնել հուզական մոտեցումը այս դեպքին եւ սպասել հետաքննության վերջնական արդյունքներին։
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել եւ 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, 2 օր անց նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:






