Ամերիկյան Food and Drug Administration (FDA)-ը հավանություն է տվել աշխարհում առաջին դեղին, որը տպագրվել է 3D տպիչով։ Այդ դեղամիջոցը հայտնի է որպես Spritam (levetiracetam) եւ օգտագործվում է էպիլեպսիայից տառապող մեծահասակների եւ երեխաների նոպաներն ու ջղակծկումները բուժելու համար։

Դեղի ստեղծողը մասնավոր՝ Aprecia Pharmaceuticals Company ընկերությունն է, որը պատրաստվում է այդ տեխնոլոգիան օգտագործել, որպեսզի սկսի հավանության արժանացած դեղամիջոցի մշակումն ու արտադրությունը լայն սպառման համար։ Այդ տեխնոլոգիան կօգտագործվի նաեւ այլ դեղամիջոցների ստեղծման համար, որոնք ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա։

Նոր դեղի ստեղծման ժամանակ օգտագործվել է ZipDose Technology-ի տեխնոլոգիան, որը 3D տպագրության միջոցով ստեղծում է ծակոտկեն բաղադրություն, որն արագ լուծվում է նույնիսկ մի կում ջրում։ Այդ տեխնոլոգիայի օգնությամբ դեղի մեկ չափաբաժնի մեջ կարելի է ներառել մեծ քանակությամբ, մինչեւ՝ 1000 մգ նյութ։ Այդ տեխնոլոգիայի դեղագիտական կիրառության բացառիկ իրավունքը պատկանում է ընկերությանը։

Ընկերության ներկայացուցիչների ասելով, նոր տեխնոլոգիան նկատելիորեն կթեթեւացնի բուժման ընթացքը, որովհետեւ բազմաթիվ հիվանդներ, հատկապես՝ երեխաներ եւ տարեցներ, դժվարանում են մեծ հաբեր կուլ տալ։