Օգոստոսի 4-ի երեկոյան Ծիծեռնակաբերդում թունավորված պատանիներն արդեն դուրս են գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից, ուր նրանց հասցրել էին շտապօգնության մեքենայով։  Այդ մասին    NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար  Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով, պատանիների մոտ սննդային գաստրիտ է ախտորոշվել․ դուրս գրումից առաջ, չորս երեխայի վիճակն էլ կայուն է եղել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ի երեկոյան հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ շտապօգնությունը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց է տեղափոխել 13-ամյա Արինա Կ․-ին, տասներկուամյա Գեորգի Գ․-ին, տասներեքամյա Դալիդա Կ,-ին եւ տասնմեկամյա Թամարա Գ-ին։  Պատանիների մարզչի խոսքով, նրանք անցյալ օրն անցկացրել էին Ծիծեռնակաբերդում եւ այնտեղ սնվել էին։

Ինչն է եղել խնդիրների առաջացման պատճառը, առայժմ պարզ չէ։ Հետաքրքիր է, որ Հայաստանի Գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության հաղորդագրության համաձայն, պատանիները սնվել էին տարբեր տեղերում․ նրանցից երկուսը ճաշել էին մեկ հաստատությունում, երրորդը՝ մեկ ուրիշ, իսկ չորրորդը ընդհանրապես ոչինչ չէր կերել, որովհետեւ Հայաստան գալու պահից ի վեր իրեն վատ էր զգում։