Հայաստանում շոգ եղանակի պատճառով արձանագրվել են հիվանդացության բարձր ցուցանիշներ։ Բայց իրավիճակը վերահսկվում է․ յուրաքանչյուր դեպքը մանրամասն ուսումնասիրվում է։ Դրա մասին օգոստոսի 5-ին Առողջապահության եւ Գյուղատնտեսության նախարարությունների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։ 

Առողջապահության նախարարության՝ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը նշել է, որ շոգ ամռանը ռիսկի հիմնական գործոններ են հանդիսանում ուլտրամանուշակագույն ճառագայթները եւ բարձր ջերմաստիճանը։   Ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունից խուսափելու համար խորհուրդ են տալիս  ժամը 12.00-ից 17.00-ի ընթացքում հնարավորինս խուսափել արեւի ուղիղ ճառագայթների տակ մնալուց։ Դա հատկապես վերաբերում է ռիսկի խմբերին՝ երեխաներին, ծերերին եւ հղի կանանց, ինչպես նաեւ քրոնիկական հիվանդություններից տառապողներին։ Իսկ արեւի տակ գտնվելու դեպքում պետք է անպայման կրել գլխարկ, արեւային ակնոց եւ օգտվել պաշտպանության այլ միջոցներից։ 

Ինչ վերաբերում է  բարձր ջերմաստիճանին, մասնագետը նշել է, որ Հայաստանում օդի ջերմաստիճանն այժմ ավելի բարձր է, քան այն, ինչը նորմալ է համարվում  մարդու օրգան համակարգերի նորմալ գործունեության համար, եւ որոշ համակարգեր, ինչպես օրինակ շնչառականը, սկսում են ավելի ինտենսիվ աշխատել , ինչը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա։  Դա հաղթահարելու համար մասնագետը խորհուրդ է տալիս խմել մինչեւ երեք լիտր հեղուկ, իսկ հեղուկների ցուցակում հնարավորինս շատ ջուր ներառել, հատկապես՝ սառը ջուր՝ ջրի հետ օգտագործելով կիտրոնի մի շերտիկ կամ էլ թթու հատապտուղներ, թեյ, հրաժարվել այնպիսի հեղուկներից, որոնք շաքար եւ կոֆեին են պարունակում։ Ցանկալի է խմել նաեւ ազգային ըմպելիքը՝ թան, եւ ընդհանրապես կերակրացանկի մեջ ներառել կափնաթթվային մթերքներ։ 

Շոգ եղանակին գլուխ են բարձրացնում նաեւ մրսածության հետ կապված հիվանդությունները, որովհետեւ շատերը անմիջապես օդաորակիչի տակ են նստում, ընդ որում՝ մարդիկ նույն հագուստով մնում են եւ զովացվող տարածքներում, եւ փողոցում, ինչը հեշտորեն կարող է մրսածության պատճառ դառնալ։  Արտավազդ Վանյանը խորհուրդ է տվել այդքան անհոգ չլինել ջերմաստիճանի փոփոխականության հարցում եւ զգուշանալ միջանցիկ հոսանքներից։ Նա միաժամանակ զգուշացրել է, որ չի կարելի երեխաներին թողնել փակ լուսամուտներով մեքենաներում։

Ինչ վերաբերում է վարակիչ հիվանդություններին, Արտավազդ Վանյանի խոսքով շոգ եղանակին բարենպաստ պայմաններ են ստեղծվում աղիքային վարակների համար։ Դրանով պայմանավորված՝ նա բնակչությանը կոչ է արել զգոն լինել սննդի ընտրության հարցում, չգնել անհայտ ծագում ունեցող մթերք, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ շուտ փչացող սննդից՝ կրեմով թխվածքներից, մայոնեզով աղցաններից եւ այլն։