Բրիտանացի անեսթեզիոլոգ Մայքլ Դեւիսը պատահաբար սպանել է ինքն իրեն՝ ներարկելով դեղամիջոցի մահացու չափաբաժին, որը տալիս էր հիվանդներին անքնությունը բուժելու համար: Այս ճակատագրական դեղամիջոցը պրոպոֆոլն է, որից մահացել է աշխարհահռչակ երգիչ Մայքլ Ջեքսոնը:
Բժիշկ Դեւիսի մահվան առթիվ ընթացող դատաքննություն ժամանակ պարզվել է, որ նա երկար ժամանակ տառապել է քնի խանգարմամբ եւ հանգստացնող դեղամիջոցներ է ընդունել: Նրա կինը պատմել է, որ մնացած բոլոր առումներով նա իրեն նորմալ ու երջանիկ մարդ է համարել:
Իր մահվան օրը բժիշկը վերջին անգամ աշխատանքի է գնացել ակնաբուժական կլինիկա, որտեղ օգնել է աչքի վիրահատությունների անցկացման ժամանակ: Նա բողոքել է քնի խանգարումից, որը հենց ինքն է իրեն ախտորոշել: Այդ խանգարումը բուժելու համար բժիշկն օգտագործել է նաեւ շնչառությունը թեթեւացնող սարք:
Ճակատագրական օրվա երեկոյան նա ընթրել է ընկերների հետ տեղի ռեստորաններից մեկում, ապա գնացել կլինիկայի հարեւանությամբ գտնվող կնոջ հարազատների տուն՝ քնելու, սակայն քիչ անց զոքանչը փեսայի մարմինը հայտնաբերել է հատակին ընկած:
Բժշկի աջ ոտնաթաթի վրա ասեղի երկու հետք է եղել: Հերձման ժամանակ պարզվել է, որ Դեւիսի մահվան պատճառը եղել է պրոպոֆոլի գերդոզավորումը:
Զարմանալի է, որ մարդը, որը մասնագիտացած է այլ հիվանդների համար դեղամիջոցների դոզա ընտրելու հարցում, չի կարողացել ընտրել այն իր համար:






