Հայաստանի Արմավիրի մարզի Արտամետ գյուղում Վրաստանի Նինոծմինդայի շրջանից ներկրած մսից սիբիրյան խոցի դեպքերի հայտնաբերման փաստի առնչությամբ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները արդեն կապ են հաստատել իրենց վրացի գործընկերների հետ։ Այս մասին օգոստոսի 5-ին լրագրողներին հայտարարեց կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունը առգրավել է ներմուծված մսի ողջ խմբաքանակը։ Բոլոր մարդիկ, որոնք կարող էին մսի հետ շփում ունենալ հսկողության տակ են գտնվում։ Կատարվել է վարակազերծում։ Վանյանը նաեւ հայտնեց, որ «Նորքի» հիվանդանոցում գտնվող 2 տղամարդկանցից բացի, ձեռքերի վրա կասկածելի վերքեր են հայտնաբերել նաեւ մեկ կնոջ մոտ, եւ նա նույնպես կտեղափոխվի հիվանդանոց։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը տեղյակ է պահել, որ Արմավիրի մարզի 2 բնակիչ անձնական օգտագործման համար Վրաստանից Հայաստան են ներկրել 5 կգ միս, եւ համաձայն ՀՀ օրենսդրության՝ այդ չափաքանակը մաքսային ստուգման ենթակա չէ, ուստի վարակված միսը սահմանին չի հայտնաբերվել։ Միսը հիմա առգրավված է եւ լաբորատոր փորձաքննություն է անցնում։ Դրանից հետո այն կոչնչացվի։
Հիշեցնենք, որ նախօրեին Արմավիրի մարզի Արտամետ գյուղի 2 բնակիչ հիվանդանոց էին տեղափոխվել սիբիրյան խոցի ախտանիշներով։ Արմավիր քաղաքի բժշկական կենտրոնից նրանց տեղափոխել էին Երեւան քաղաքի «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց։
Պարզվել է, որ տղամարդիկ հուլիսի 24-ին եղել էին Վրաստանի Նինոծմինդայի շրջանում, որտեղից միս էին գնել։ Մեկ շաբաթ անց նրանց ձեռքերին խոցեր էին առաջացել, որից հետո նրանք դիմել էին բժշկի։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում սիբիրյան խոցը հաստատվել էր։






