ՀՀ առողջապահության նախարարության Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի խորհրդի երեկ երեկոյան կայացած հերթական նիստում Արմեն Մուրադյանը նշեց, որ վերջին օրերին արձանագրված մայրական 2 մահվան դեպքի մասնագիտական վերլուծություն կատարող հանձնաժողովներն արդեն աշխատում են։

«Ես հանդիպումներ եմ ունեցել ինչպես Մերի Մարգարյան հոր, այնպես էլ` «Շենգավիթի» բժշկական կենտրոնի մասնագետների հետ եւ հանձնաժողովից ակնկալում եմ անաչառ ու սկզբունքային աշխատանք»,-ասաց նախարարը` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կհամալվի նոր մասնագետներով։

Արմեն Մուրադյանի կողմից խիստ պահանջ դրվեց ծննդօգնության բուժհաստատություններում անշեղորեն առաջնորդվել առկա գործելակարգերով եւ չափորոշիչներով։

ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ բոլոր ծննդատներում կան հղիության վարման, պաթոլոգիաների դեպքում նրանց հոսպիտալացման, ծննդօգնության առանձին նոզոլոգիաների վարման չափորոշիչները։ Փաստվեց, որ մանկաբարձագինեկոլոգիական ոլորտն առավել չափագրված ճյուղերից մեկն է, եւ գործելակարգերին եւ չափորոշիչներին խստորեն հետեւելը միայն կարող է նպաստել բժշկական օգնության որակի ապահովմանը։

Արմեն Մուրադյանը կարեւորեց նաեւ ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների ընդգրկվածությունը ինչպես գործելակարգերի եւ չափորոշիչների վերանայման ու մշակման, այնպես էլ` մասնագիտական կրեդիտավորման գործում։

Անդրադարձ կատարվեց նաեւ Մայրական ու պերինատալ մահացության եւ հիվանդացության նվազեցման նպատակով «մազից կախված կրիտիկական դեպքերի» քննարկումներին։ Նախարարը հանձնարարեց նման բոլոր դեպքերը քննարկել Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի խորհրդում։

Բոլոր ծննդատներից խստորեն պահանջվեց նման դեպքերի մասին տեղեկացնել նախարարությանը։

«Կրիտիկական դեպքերի քննարկումների նպատակը նման վիճակի մեջ հայտնվելու պատճառների վերհանումն է եւ հետագայում դրանցից հնարավորինս ապահովագրվելը»,-ասաց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ դա եւս մեկ քայլ է մայրական մահացության ցուցանիշները նվազագույնի հասցնելու գործում։