Քունն առնել պետք է միշտ, ոչ թե միայն հանգստյան օրերին կամ էլ ամառային արձակուրդի օրերին, համարում է Քնի խանգարման հայկական ընկերակցության նախագահ Սամսոն Խաչատրյանը։
Նրա խոսքով, որքան էլ երկար քնենք հանգստյան օրերին, դա չի փոխհատուցում շաբաթվա ընթացքում քիչ քնելու հասցրած վնասը։ Ճիշտ այդպես էլ, արձակուրդի օրերին լավ քնելը չի փոխհատուցում քնի պակասը ամբողջ տարվա ընթացքում։ Դրա համար էլ անհրաժեշտ է ամեն օր լավ քնել։
Քանի՞ ժամ պիտի քնի մարդը քունն առնելու համար։
Մասնագետի կարծիքով՝ ցանկալի է օրական միջինը գոնե 7-8 ժամ քնել։ Շատ հետազոտություններ ապացուցել են, որ նրանք, ովքեր օրական 6 ժամից պակաս են քնում, ավելի շատ են հիվանդանում եւ ավելի հաճախ են բախվում առողջության հետ կապված տարբեր խնդիրների հետ, չէ՞ որ քնի պակասն ազդում է օրգանիզմի բոլոր գործընթացների, բոլոր մեխանիզմների վրա։ Բայց որքան էլ զարմանալի է, չափից ավելի երկար քնելը (ավելի քան 9-10 ժամ) եւս կարող է առողջական խնդիրների առկայության մասին վկայել։
Որքա՞ն արագ պիտի քուն մտնի առողջ մարդը։
Դա իհարկե անհատական հարց է, բայց ընդհանուր առմամբ նորմալ է, եթե մարդու քունը վրա է հասնում 20 րոպեի ընթացքում։ Եթե քնելու համար 30 րոպեից ավելի է պետք լինում, դա արդեն կարող է անքնության նշան լինել։
Իմիջիայլոց, մասնագետը խորհուրդ չի տալիս ամառային արձակուրդի մեծ մասը քնին հատկացնել։ Նրա կարծիքով նախապատվությունը պետք է տալ ավելի ակտիվ հանգստին, իսկ քնել ընդամենը 7-8 ժամ։






