Նոր Զելանդիայից Ալիստեր Քեմփբելը լսողական  սարք հիշեցնող դաջվածք է արել գլխին խուլ դստերը քաջալերելու համար։ Նրանց լուսանկարը տարածվել է ամբողջ համացանցով եւ մեծ ուշադրություն է գրավել։

Ալիստերն ամբողջությամբ խուզել է գլուխը այդ դաջվածքն անելու համար։ Նրա վեցամյա դուստրը՝ Շառլոտը, իր առաջին լսողական սարքը ստացել է 4 տարեկանում, իսկ վերջերս եւս մի վիրահատություն է տարել երկրորդ իմպլանտի տեղադրման համար։

Երբ Շառլոտը տեսել է հոր դաջվածքը, ծիծաղել է, ձեռք է տվել եւ ասել է, որ դա հոյակապ է։ Ինքը՝ Ալիստերը, լրագրողներին պատմել է, որ պատրաստվում է նորից աճեցնել մազերը, բայց պատրաստ կլինի դարձյալ խուզել դրանք, որ աղջկան ցույց տա դաջվածքը, եթե վերջինս նման ցանկություն ունենա։

Բժիշկները սկզբում կարծում էին, թե Շառլոտը լսողության աննշան խնդիր ունի, բայց հետագայում պարզվել է, որ նրա ձախ ականջը ընդհանրապես չի լսում, իսկ աջ ականջում խնդիրներ կան, որոնք թույլ չեն տալիս, որ հնչյունները հասնեն ուղեղին։  Այդ ախտորոշումը չի զարմացրել նրա ծնողներին, որովհետեւ նրա տատիկն ու եղբայրը եւս լսողության խնդիրներ ունեին։

Աղջկա պահվածքը նկատելիորեն փոխվել է լսողական սարքի տեղադրումից հետո, նա անհամեմատ ավելի շփվող է դարձել։ Իսկ երկրորդ իմպլանտի շնորհիվ կարող է ընկալել  ձայնի ուղղությունը։