Անպտղության խնդիրները եւ հնարավորինս արագ երեխա ունենալու ցանկությունը սովորաբար բացասաբար են ազդում ժամանակակից զույգերի սեռական կյանքի վրա, համարում է սեքսոպատոլոգ Սեւադա Հակոբյանը
Հարցն այն է, որ նրա խոսքով, այն զույգերը, որոնք բուժվում են անպտղությունից կամ ուղղակի ուզում են հնարավորինս արագ երեխա ունենալ, սկսում են «ըստ օրացույցի» զբաղվել սեքսով․ նրանք սկսում են հաշվարկել բեղմնավորման համար հարմար օրերը, եւ սեքսը մի տեսակ պարտականություն է դառնում ու կորցնում է իր ժամանցային գործառույթը՝ հաճույք պատճառել։ Բնականաբար, սեքսին նման մոտեցումը հազիվ թե բարելավի զուգընկերների հարաբերություններն ու սեռական կյանքը։
Ավելին, մասնագետները հետաքրքիր օրինաչափություն են նկատել․ երբ զույգը կենտրոնանում է օվուլյացիայի եւ այսպես կոչված բարենպաստ օրերի վրա, շատ հաճախ տղամարդկանց մոտ հենց այդ օրերին էրեկցիայի հետ կապված խնդիրներ են առաջանում։ Հավանաբար դա կապված է լարվածության եւ հենց այդ օրը սեռական հարաբերություն ունենալու պարտավորվածության հետ։
Սեքսոպատոլոգը խորհուրդ է տալիս չկենտրոնանալ «բարենպաստ» եւ «անբարենպաստ» օրերի վրա եւ սեքսով զբաղվել հաճույքի համար, գոնե՝ շաբաթը 2-ից 4 անգամ։ Այդ դեպքում սեքսը հաճույք կպատճառի, եւ զուգընկերուհուն հղիացնելու շանսերը կմեծանան։
Իմիջիայլոց, չարժե նաեւ շտապել ինքն իրեն որպես «ամուլ» ախտորոշելու հարցում, նշել է Սեւադա Հակոբյանը։ Որոշ զույգեր խուճապի են մատնվում, եթե ամուսնությունից մի ամիս անց աղջկա մոտ դաշտան է սկսվում։ Սովորաբար նորմալ, առողջ զույգին կարող է 6-ից 12 ամիս պետք լինել բեղմնավորման համար։ Իսկ անպտղություն կասկածել եւ բժշկին դիմել կարելի է միայն եթե մեկ տարվա ընթացքում կանոնավոր սեռական կյանքի առկայության պայմաններում հղիություն չի արձանագրվում։






