Սեռական դաստիարակությունը ծայրաստիճան կարեւոր դեր է խաղում անհատի ձեւավորման գործում եւ հնարավորություն է տալիս կանխարգելել  սեռական կյանքի վաղաժամ սկիզբը, դրա համար էլ այն պիտի ներդրվի բոլոր երկրներում, ներառյալ՝ Հայաստանը։ Բայց արեւմտյան երկրներում ընդունված սեռական դաստիարակության մոդելը չի կարելի Հայաստանում ներդնել հենց այն տեսքով, որում գոյություն ունի, որովհետեւ Հայաստանի եւ այլ երկրների միջեւ գոյություն ունեն մշակութային տարբերություններ։ Օգոստոսի 7-ի ասուլիսում նման կարծիք է հայտնել սեքսոպատոլոգ Սեւադա Հակոբյանը։

Մասնագետի խոսքով, սեռական դաստիարակությունը հնարավորություն է տալիս ոչ միայն կանխարգելել սեռական կյանքի սկիզբը, այլեւ պաշտպանում է հետագա խնդիրներից, որոնք կարող են ի հայտ գալ ապատեղեկատվության եւ սեքսի վերաբերյալ սխալ պատկերացումների պատճառով։

Մասնավորապես, մեր հասարակությունում շատ են աղջիկները, որոնց չափից շատ են հովանավորում եւ ոչ միայն թույլ չեն տալիս շփվել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, այլեւ անգիտակցորեն զզվանք են ներարկում սեքսի հանդեպ։ Այդ ամենի պատճառով, ճիշտ սեռական դաստիարակության բացակայության պայմաններում մեծ է հավանականությունը, որ այդ աղջիկները ապագայում այնպիսի խնդիրներ կունենան, ինչպիսին հեշտանքի հասնելու անկարողությունը,  վագինիզմը եւ սեռական հարաբերություններից վախը։

Բացի դրանից, շատերը տեղեկատվության արժանահավատ աղբյուր չունենալով վստահում են նրան, ինչ կարդացել են համացանցում կամ լսել են ընկերներից։ Նման տեղեկությունները հազվադեպ են ճիշտ լինում եւ ապագայում կարող են խնդիրներ առաջ բերել։

Մեկ այլ խնդիր է պոռնոգրաֆիայի մատչելիությունը սեռական դաստիարակության  եւ ճիշտ, գիտական տեղեկատվության բացակայության պայմաններում։ Պոռնոգրաֆիայով եւ էրոտիկայով տարված անչափահասները սովորաբար անճիշտ պատկերացումներ են ձեռք բերում սեռական կյանքի մասին, դրա համար էլ անհամաչափ ակնկալիքներ են ունենում դրանից։ Նման անչափահասների մոտ իրական կյանքը, սերը եւ հարաբերությունները երկրորդ պլան են մղվում։

Բոլոր նմանատիպ խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է երկրում ներդնել սեռական դաստիարակության համակարգ։ Կարծիք կա, որ դա կնպաստի նվազեցնել խնդիրները ժամանակակից զույգերի մոտ, ինչպես նաեւ սեռական բնույթի խնդիրներով պայմանավորված ամուսնալուծությունները։