Մասնագետների ներգրավվածությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց հանրային առողջապահությանը վերաբերող հարցերին:

Մասնագետները նախարարին ներկայացրեցին «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ իրենց կարծիքներն ու մտահոգությունները:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ հանրային առողջապահական ծրագրերի հիմքում ոչ թե հիվանդաբուժության, այլ բնակչությանն առողջ պահելու գաղափարն է: Նա շեշտեց, որ հանրային առողջապահությունը ևս գիտություն է` իր օրենքներով, մեթոդաբանությամբ ու ազդեցությամբ։ Հանրային առողջապահական ծրագրերը մշակելիս հաշվի են առնվում ապացուցողական բժշկության, ինչպես նաև մետաանալիզների վրա հիմնված տվյալներ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուղեցույցում բերված չափանիշներով երկաթդեֆիցիտային սակավարյունությունը հանրային առողջապահության հիմնախնդիր է դիտարկվում, երբ բնակչության շրջանում դրա տարածվածության ցուցանիշը գերազանցում է 5%-ը: Հայաստանի Հանրապետությունում արդեն 3 անգամ` 2000, 2005 եւ 2010 թվականներին, միջազգայնորեն ճանաչված, ողջ աշխարհում կիրառվող մեթոդաբանությամբ, իրականացվել են Ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտություններ, որոնք հիմք են հանդիսացել գիտականորեն գնահատելու սակավարյունության տարածվածությունը։ Հղի կանանց շրջանում արձանագրվել է 25, իսկ 0-5 տարեկան երեխաների շրջանում` 37 տոկոս սակավարյունություն։

Նախարարի գնահատմամբ` Խորհրդային Միության տարիներին ալյուրի հարստացման մասին վկայող պետական փաստաթղթերի ուսումնասիրումը թույլ կտա գիտնականներին շատ հարցերի շուրջ փոխել հարցադրումները:

«Չենք կարող միայն հիվանդաբուժությամբ լուծում տալ առողջապահական խնդիրներին»,- ընդգծեց նախարարը` առաջարկելով հանրային առողջապահական ծրագրերի մասին խոսել միայն գիտական հիմնավորվածությամբ:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն անդրադարձավ ծրագրի իրականացման անհրաժեշտությանն ու նպատակներին, ներկայացրեց միջազգային փորձը:

Նրա խոսքով` ալյուրի հարստացման ծրագրի վերաբերյալ հավաքագրվել են հանրային առողջության մասնագետների, ինչպես նաև արտերկրի առաջատար կրթական հաստատությունների անկախ փորձագիտական կարծիքը:

Նշվեց, որ ընթացքում նախարարության մասնագետներն ուսումնասիրել են ալյուրի հարստացման մասին նաև աշխարհի բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերի հոդվածները, որոնցում գնահատված են նաև այդ ծրագրերի իրականացման ռիսկերը:

Կարևորվեց բնակչության առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի շուրջ վստահության մթնոլորտի ձևավորման, գիտական ներուժի համախմբման անհրաժեշտությունը:

Նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում քննարկում կազմակերպել առավել մեծ թվով գիտնականների մասնակցությամբ։

Քննարկմանը ներկա էին Հայաստանի կենսաքիմիկոսների ասոցիացիայի նախագահ, կ.գ.դ., պրոֆեսոր, Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի բաժնի վարիչ Գևորգ Գևորգյանը, նույն ինստիտուտի լաբորատորիաների վարիչներ Վարդան Գասպարյանը և Սոնա Մարդանյանը, ինչպես նաև Եվրառուսական ակադեմիայի բնական գիտությունների հայկական մասնաճյուղի պատվավոր դոկտոր Գոհար Էլբակյանը։