Օրեր առաջ արձանագրված սիբիրյան խոց հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը համակարգված համագործակցել է վրացի գործընկերների հետ:
Վերջիններս իրենց երկրում հայտնաբերել են վարակի աղբյուրը՝ վարակված մսեղիքը, ինչը ոչնցացվել է:
Օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու, վարակի օջախը տեղայնացնելու, ինչպես նաեւ լիարժեք եւ սերտ համագործակցելու համար վրացական կողմը շնորհակալություն է հայտնել Հայաստանի առողջապահության նախարարությանը:
Համատեղ աշխատանքի արդյունքում կանխվել է բնակչության շրջանում սիբիրյան խոց հիվանդության տարածումն ու բռնկումը: Փոխգործակցությունը նպաստում է երկու երկրի սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովմանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4–ին Արմավիրի մարզի Արտամետ գյուղի 2 բնակիչ հիվանդանոց էին տեղափոխվել սիբիրյան խոցի ախտանիշներով։ Արմավիր քաղաքի բժշկական կենտրոնից նրանց տեղափոխել էին Երեւան քաղաքի «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց։
Պարզվել էր, որ տղամարդիկ հուլիսի 24-ին եղել էին Վրաստանի Նինոծմինդայի շրջանում, որտեղից միս էին գնել։ Մեկ շաբաթ անց նրանց ձեռքերին խոցեր էին առաջացել, որից հետո նրանք դիմել էին բժշկի։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում սիբիրյան խոցը հաստատվել էր։
Մսի ամբողջ խմբաքանակը (մոտ 5 կգ), առգրավվել էր։






