Յուտայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ մեծ ընտանիքների անդամները հարբուխից ու մրսածությունից տառապում են շատ ավելի հաճախ, քան փոքր ընտանիքներում ապրողները։ Մեկ տարվա ընթացքում մասնագետները հետեւել են 26 ընտանիքի։ Ընդհանուր առմամբ հետազոտությանը 108 մարդ է մասնակցել։
Անզավակ ընտանիքներում ապրողները տարեկան միջինը երեք-չորս շաբաթ են վարակվել մրսածության եւ հարբուխի հարուցիչներով։ Մեկ երեխա ունեցող ընտանիքներում այդ թիվը հասել է մինչեւ 18 շաբաթի։ Վեց երեխա ունեցող ընտանիքներում վարակի հարուցիչն ապրել է մոտ 45 շաբաթ։ Պարզվել է, որ հարուցիչների հիմնական տարածողները մանկահասակ երեխաներն են, փոխանցում է The Daily Mail-ը։
Կես տարվա ընթացքում 5 տարեկանից փոքր երեխաների քթի մեջ առնվազն մեկ հարուցիչ երկու անգամ ավելի հաճախ է հանդիպել, քան 5 տարեկանից մեծ երեխաների ու մեծահասակների մոտ։ Հարբուխով կամ մրսածությամբ վարակված երեխաների մոտ հիվանդության ախտանիշները, ներառյալ՝ խռպոտությունը և տենդը, 1,5 անգամ ավելի հաճախ են հանդիպել, քան ավելի մեծերի մոտ։ Այդ երեխաների ծնողները հիվանդացել են նույն տարիքի, բայց երեխա չունեցող մեծահասակներից 1,5 անգամ ավելի հաճախ։
Որոշ երեխաների մոտ ախտանիշները շարունակվել են 20-25 շաբաթ։ Առանձին դեպքերում հարուցիչներով վարակված մասնակիցները հիվանդության արտաքին նշաններ չեն ունեցել։ Հարբուխի հարուցիչով վարակված կամավորների մոտ ախտանիշները սովորաբար դրսեւորվել են։ Իսկ մրսածությամբ վարակվածների միայն կեսն է հիվանդացել։






