Դեղագործական արտադրանքի համաշխարհային ծավալը 2018 թվին կաճի մինչեւ 1,3 տրիլիոն դոլար, ցույց է տվել հետազոտությունը, որն անցկացրել է Thomson Reuters-ին պատկանող Intellectual Property and Science-ը։
Հետազոտության արդյունքում պարզվել է նաեւ, որ դիվերսիֆիկացիայի շնորհիվ արագանում է նոր դեղային մոլեկուլների թողարկումը։ Օրինակ՝ 2014-ին ստեղծվել է 46 նման միացություն, ինչը վերջին 10 տարում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, ասվում է ընկերության մամլո հաղորդագրությունում։
Ավելի քան 65 %-ով ավելացել է որպես դեղամիջոց ստեղծված նոր մոլեկուլների թիվը, որոնք նախատեսված են ուռուցքային հիվանդությունների, հեպատիտ C –ի, ՄԻԱՎ հարուցիչների դեմ պայքարելու համար։ Նոր նյութերի մեկ երրորդը նախատեսված է հազվագյուտ հիվանդությունների ախտորոշման համար։
Բացի դրանից, վերլուծաբանները նշում են, որ փոփոխություններ են գրանցվել հետազոտական ցիկլի տարբեր փուլերում դեղամիջոցի ձախողման դեպքում կորուստները նվազագույնի հասցնելու ուղղությամբ։ Ընկերությունները ձգտում են նվազագույնի հասցնել ֆինանսական եւ ժամանակային վնասը, որ նրանք ունենում են կլինիկական փորձարկումների ժամանակ դեղամիջոցի ձախողման դեպքում։ Փորձագետների տվյալների համաձայն՝ գնալով ավելի շատ դեղամիջոցներ են հասնում մշակման երրորդ փուլին, այսինքն՝ ավելի արդյունավետորեն է կատարվում ենթադրաբար հաջող դեղերի ստեղծումը, ինչը բավականաչափ կարեւոր է, որովհետեւ փորձագետների հաշվարկների համաձայն, մեկ դեղամիջոցի մշակման միջին արժեքը հասնում է 1,5 միլիարդ դոլարի։






