Ամառվա շոգին երեխաների օրվա ռեժիմը պետք է ենթարկել խիստ կանոնների․ տնից դուրս գալ միայն մինչեւ ժամը 11.00-ը եւ երեկոյան 18.00-ից հետո։ Երեխաների համար շատ վտանգավոր է արեւի անմիջական ճառագայթների տակ գտնվելը, որովհետեւ դա կարող է արեւահարման հանգեցնել։ Դրա մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է մանկաբույժ Զավեն Մելքոնյանը։ Նրա խոսքով, երեխայի գլուխն անպայման պիտի ծածկված լինի։ 

Նա  նաեւ նշել է, որ շոգ եղանակին երեխաներին պետք է շատ հեղուկ տալ։  «Դա չափազանց կարեւոր է։ Ես խորհուրդ կտայի քիչ շաքար պարունակող թարմ կոմպոտներ, խոտաբույսերով թեյեր, թան, ինչպես նաեւ՝ հասարակ ջուր։ Բայց այդ հեղուկները սառը չպիտի լինեն»։

Մասնագետի խոսքով, երեխաների համար մեծ վտանգ է ներկայացնում Սեւանը, ուր այս եղանակին շատերն են ձգտում հանգստյան օրերին։  Նախ՝ բարձր-լեռնայնության պատճառով այնտեղ շատ հեշտ է արեւահարվելը։ Երկրորդ՝ Սեւանի ջուրը սառն է, եւ մի կողմից արեւը, մյուս կողմից՝ սառը ջուրը կարող են օրգանիզմին սթրեսի ենթարկել։ Դրա համար էլ Զավեն Մելքոնյանը խորհուրդ է տալիս երեխաների հետ Սեւան գնալու դեպքում հետեւել, որ նրանք երկար չմնան արեւի տակ կամ սառը ջրում։

Ինչ վերաբերում է լողավազաններ այցելելուն, Զավեն Մելքոնյանի խոսքով դրանք երեխաներին կոփելու լավ միջոց են, բայց փակ լողավազաններում վտանգն այն է, որ ջուրը կարող է չափից շատ քլոր պարունակել, իսկ դեկորատիվ լողավազանների ջուրը կարող է չափազանց կեղտոտված լինել։  Առիթից օգտվելով՝ նա փակ լողավազանների տերերին կոչ է արել լողավազանի ջրի մեջ քլոր լցնել եւ ջուրը փոխել՝ խստորեն հետեւելով ընդունված նորմերին, որովհետեւ եթե ջուրը ժամանակին չի փոխվում, քլորի ոչ մի քանակություն վարակից չի փրկի, և հակառակը՝ քլորի մեծ քանակությունը կարող է շնչուղիների եւ աչքերի այրվածքների պատճառ դառնալ։ 

Ինչ վերաբերում է դեկորատիվ լողավազաններին, եթե ջուրը նրանց մեջ շրջանառվում է, ապա խնդիր չկա։ Բայց եթե ջուրն անշարժ է, կարող է շատ վարակների աղբյուր դառնալ, այդ թվում նաեւ՝ աղիքային։