ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի եւ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի մասնակցությամբ քննարկվեց ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նշվեց, որ նպատակը առողջապահության համակարգում գործող բժիշկների եւ բուժքույրերի մասնագիտական որակների եւ նրանց գիտելիքների բարձրացումն է։

Արմեն Մուրադյանը նշեց, որ նախագիծն ամբողջովին բխում է բժշկական ծառայության որակի բարելավման պահանջից։

Օրենսդրական փոփոխությունը նախարարությանը հնարավորություն կընձեռի Հայաստանում ներդնել միջազգային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ: Դրա շնորհիվ մեր բուժաշխատողները գործնական նոր հմտություններ ձեռք կբերեն, հաղորդակից կդառնան բժշկագիտության զարգացումներին եւ նորամուծություններին։ Սա որակյալ բժշկական ծառայություններ ապահովելու կարեւոր բաղադրիչներից մեկն է։

Քննարկվեցին օրենքի նախագծի գրեթե բոլոր հոդվածները, կատարված առաջարկությունների հիման վրա դրանցում արված փոփոխությունները։ Այս ենթատեքստում անդրադարձ կատարվեց կլինիկական ուղեցույցների, հիվանդի վարման գործելակարգերի եւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների ընթացակարգերի, ինչպես նաեւ բուժաշխատողների գործունեությունը կանոնակարգող կարեւոր այլ փաստաթղթերի սահմանումներին, իրավական եզրույթներին վերաբերող հարցեր:

Նախարարության եւ Ազգային ժողովի մասնագետներն ու փորձագետները կարեւորեցին, որպեսզի բուժաշխատողների, բժշկական հաստատությունների ղեկավարների, ինչպես նաեւ հիվանդների իրավունքներն ու պարտականությունները սահմանող փաստաթղթերը հիմնված լինեն ապացուցողական բժշկության վրա: Դրանցում հաշվի է առնված նաեւ արտերկրների լավագույն փորձը, ինչը հնարավորություն կտա բուժաշխատողներին հիվանդի ընդունումից մինչեւ դուրսգրումն աշխատել կանոնակարգված: Նշվեց, որ կատարվող փոփոխություններն առաջին հերթին միտված են ոլորտի չափագրմանը:

Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի ոլորտի մայր օրենքի վերախմբագրմամբ։ Վերջին տարիներին մշակված «Առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագծերի մի քանի տարբերակներից խումբը կստեղծի ժամանակի պահանջին համահունչ համապարփակ կարգավորումներ սահմանող իրավական ակտի նախագիծ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկումները դարձնել շարունակական` ներգրավելով նաեւ միջազգային փորձագետներին: