Եթե որեւէ երկրում էվթանազիան օրինականացված է, դա բոլորովին չի նշանակում, որ բժիշկները կհամաձայնեն այն կիրառել․ դա են ցույց տվել Եվրոպայում իրականացված երկու հետազոտության արդյունքները։

Առաջին հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են էվթանազիա կիրառելու խնդրանքները, որոնք ուղղված էին Նիդերլանդների  End-of-Life Clinic հիվանդանոցի բժիշկներին։ Բոլոր հիվանդները, որոնք խնդրել են նման միջոց կիրառել, ըստ օրենքի լրիվ համապատասխանում էին էվթանազիայի անցկացման համար առաջադրվող պահանջներին, բայց որպես կանոն բժիշկները հրաժարվել էին օգնել նրանց։ 

Կլինիկան հավանություն է տվել 2012-ի մարտից մինչեւ  2013-ի մարտ ամիսը ստացված 645 խնդրանքի սոսկ 25%-ին։ Խնդրանքների մեծ մասը մերժվել է, չնայած որոշ դեպքերում հիվանդները մահացել են կամ էլ էվթանազիայից հրաժարվել են ավելի շուտ, քան կքննարկվեր նրանց խնդրանքը։ 

Երկրորդ հետազոտության ընթացքում, որը կատարվել է Բելգիայում, պարզվել է, որ էվթանազիայի հետեւանք հանդիսացող մահերի թիվն այստեղ աճել է՝ 2007-ին մահացածների ընդհանուր թվի 1,9% -ից 2013-ին հասնելով 4,6% տոկոսի։ Բայց այստեղ եւս բժիշկների մեծամասնությունը մերժել է հիվանդների նման խնդրանքները անձնական նկատառումներից ելնելով կամ էլ այն դեպքերում, երբ վստահ չեն եղել, թե նման խնդրանքներն օրինական են։

Էվթանազիայի խնդրանքը բավարարելու համար Հոլանդիայում բժիշկները պիտի վստահ լինեն, որ հիվանդն ինքնակամորեն է կայացրել կյանքից հեռանալու որոշումը, որ անտանելի տառապանք է ապրում, որը ոչ մի կերպ հնարավոր չէ մեղմել կամ վերացնել, ինչպես նաեւ ամբողջովին գիտակցում է իր վիճակը։