Կոլումբիական Կալի քաղաքում արդեն տասներկուերորդ կինն է մահացել անորակ պլաստիկ վիրաբուժության հետեւանքով։ Կուլումբիայի բնակչուհի Քեթրին Կաստանո Օրոզկոն մահացել է հետույքի ծավալը մեծացնելու վիրահատությունից ընդամենը 20 օր հետո։ Պլաստիկ վիրաբույժը Քեթրինի մարմնում սիլիկոնային ներդիրներ էր տեղադրել։ Երեսունամյա կինը մահացել է թրոմբոֆլեբիտից՝ թոքային զարկերակի նեղացումից, որի պատճառը եղել է վիրահատությունից անմիջապես հետո առաջացած զարկերակի խցանումը։

Կնոջ հետույքը մեծացրել են հուլիսի 8-ին, նա 15 օրից կլինիկա է վերադարձել կարերը հանելու համար, բայց բժիշկները որոշել են նրան հսկողության տակ պահել։ Քեթրինի ընտանիքն այն ժամանակ է հասկացել, որ կնոջ վիճակը լավ չէ,  երբ նա բողոքել է ուժեղ ցավից եւ շնչառական խնդիրներից՝ արդեն հիվանդանոցային մահճակալին պառկած։ Մի քանի ժամ անց հնգամյա տղայի այդ մայրիկն արդեն մեռած էր․ բժիշկները ոչինչ չեն կարողացել անել։

Քեթրինը դարձել է տասներկուերորդ կինը, որը կյանքից հեռացել է Կալիում պլաստիկ վիրաբուժություն անելու հետեւանքով։ Դիահերձման արդյունքները դեռեւս չեն հրապարակվում, բայց այդ քաղաքի առողջապահության վարչության ներկայացուցիչներն արդեն հետաքննություն են սկսել մահվան հանգամանքները պարզելու համար։ Գեղեցկության կլինիկաների բոլոր հնարավոր այցելուներին նրանք կոչ են անում ծայրաստիճան զգույշ լինել եւ հավաստիանալ, որ բանիմաց  բժշկի են դիմել։

Մեռած կանանցից երկուսը օտարերկրացիներ էին։ Այս տարի Կալիում կյանքին հրաժեշտ է տվել գեղեցիկ սեռի 5 ներկայացուցիչ, իսկ անցյալ տարի պլաստիկ վիրահատության հետեւանքով 7 մահ է արձանագրվել։