Արեւահարման ախտանիշներ կարող են լինել բարձր ջերմությունը, թուլությունը, մկանային ցավը, սրտխառնոցը եւ փսխումները։ Ջերմային հարվածը կամ արեւահարումը ինֆրակարմիր ճառագայթների ազդեցությամբ գլխի անոթների ընդարձակումն է։ Արեւահարումը կարող է բարդ հետեւանքների հանգեցնել․ մասնավորապես, ուղեղի այտուցման եւ նույնիսկ՝ ուղեղում արյունազեղման եւ մահվան։ Ինչ անել, եթե երեխան արեւահարվել է, եւ ինչն է կտրականապես արգելվում անել։ Այդ մասին զրուցել ենք մանկաբույժ Զավեն Մելքոնյանի հետ։
Նախ եւ առաջ պետք է երեխային տանել ստվերոտ տեղ եւ պառկեցնել։ Բժշկի խոսքով, շատերը ճակատին դնում են սառը ջրի մեջ թրջած կամ սառույցով սրբիչ, բայց ինքը խորհուրդ չի տալիս անել դա։ «Դա վտանգավոր է, որովհետեւ ուղեղի անոթների կծկումներ է առաջ բերում։ Չարժե օրգանիզմը կողմնակի մեթոդներով հովացնել։ Պետք է երեխայի մարմինը շփել սովորական ջրով։ Շփելու իմաստն այն է, որ երեխայի մաշկը կարմրի, ինչը կնշանակի, որ արյան շրջանառությունը բարելավվել է, իսկ ջերմափոխանակությունը կարգավորվել»,- նշել է նա։ Նրա խոսքով, արեւահարման դեպքում առաջին օգնությունը մեծ քանակությամբ հեղուկ խմելն է, բայց երեխային սառը ջուր տալ եւս խորհուրդ չի տրվում, ջուրը պիտի գոլ լինի։
Ընդհանրապես արեւահարումը վտանգավոր բան է, դրա համար էլ ամեն դեպքում արժե դիմել բժշկի։






