Իր երիկամը վաճառած չինացին BBC-ի թղթակցին հարցազրույց է տվել, առանց իր անունը նշելու։ Նա խոսել է Չինաստանում փոխպատվաստման վիճակի մասին։ 21-ամյա չինացին պատմել է, որ ինքը երիկամը վաճառելու քայլին է դիմել մոլախաղերից կուտակված պարտքերը փակելու համար։ Իր օրգանի համար նա 7000 դոլար է ստացել։ Պատանին թղթակցին ցույց է տվել վիրահատությունից մնացած կարը։
Վիրահատությունը կազմակերպած միջնորդներին նա համացանցի միջոցով է գտել։ Նախ նրան տարել են հիվանդանոց, որտեղ արյան անալիզներ են վերցրել եւ հետազոտություն անցկացրել։ Հետո մի քանի օր նա հյուրանոցում սպասել է, մինչեւ ընտրվի այն մարդը, ով ստանալու էր երիկամը։
«Վերջապես մեքենայով եկան իմ հետեւից․ վարորդն ինձ հորդորեց աչքերս մուգ կտորով կապել։ Մենք մոտ մեկ ու կես ժամ գնացինք ինչ-որ քարուքանդ ճանապարհով։ Երբ աչքերիս կապը հանեցի, հասկացա, որ ֆերմայում եմ։ Տան ներսում իսկական վիրահատարան կար։ Չորս կողմում վիրաբուժական համազգեստով բժիշկներ եւ բուժքույրեր էին »,-պատմել է դոնորը։ Այնտեղ նաեւ այն կինն էր, որի համար նախատեսված էր երիկամը, ինչպես նաեւ նրա ընտանիքը։ Պատանու խոսքով, նրանք իրար հետ չեն խոսել։ Իսկ երբ անզգայացումից արթնացել է, արդեն մեկ ուրիշ՝ քաղաքամերձ տանն է եղել։
Ռեպորտաժում նշվում է, որ Չինաստանում դոնորական օրգանների պահանջը երկար տարիներ բավարարվել է բանտարկյալների հաշվին․ նրանց մարմնից օրգանները հանվում էին մահապատժից հետո։ Դոնորի համաձայնությունը չհարցնող նման գործելակերպի համար Չինաստանը միջազգայնորեն քննադատվում էր, եւ իշխանություններն ի վերջո հայտարարեցին, որ 2015-ին սկզբից ի վեր դադարեցնում են դատապարտյալների մարմիններից օրգաններ հանելը։
Այժմ հիվանդները կարող են հույս դնել միայն կամավոր դոնորների վրա։ Օրգանների ազգային պարկ է ստեղծվել։ Բայց հիմնական խնդիրը մնում է չինացիների շրջանում դոնորության գաղափարի քարոզումը։ Չինացիներից շատերը համարում են, որ մարմինը սուրբ է եւ ի նշան հարգանքի նախնիների հանդեպ, այն պիտի ամբողջական վիճակում թաղվի։ Գլխավորապես այդ պատճառով է, որ Չինաստանում դոնորության տոկոսն աշխարհում ամենացածրերից մեկն է՝ մեկ միլիոն մարդուն 0,6 դոնոր է ընկնում։
Իշխանությունները հայտարարում են, որ 2015 թվին մոտ 12 հազար փոխպատվաստվող օրգան է ակնկալվում․ դա ավելին է, քան այն, ինչ ստացվում էր բանտարկյալներից։ Բայց երկրում փոխպատվաստման կարիք ունի 300 հազար մարդ, դրա համար էլ թվերի այդ աճը չի վերացնի օրգանների պակասը։ Եվ դա է, որ հանգեցրել է Չինաստանում «սեւ շուկայի» առաջացմանը։






