2015թ. հունվարից մեկնարկած «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» վարկային ծրագրի շրջանակում արդեն կատարվել է շուրջ 300 հազար հետազոտություն:

Առաջին վեց ամսվա ընթացքում 35-68 տարեկան անձանց շրջանում իրականացվել է  143 հազար քաղաքացու զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ եւ շուրջ 98 հազար  քաղաքացու մոտ որոշվել է արյան մեջ գլուկոզի մակարդակը:

Նույն ժամանակահատվածում 30-60 տարեկան շուրջ 19 հազար հինգ հարյուր կին մասնակցել է արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված սկրինինգային հետազոտությանը (ՊԱՊ թեստ):

Նշենք, որ հուլիսին իրականացվել է 5605 ՊԱՊ թեստի հետազոտություն, շուրջ 17 հազար քաղաքացու իրականացվել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ եւ շուրջ 15120 քաղաքացու մոտ որոշվել է արյան մեջ գլուկոզի մակարդակը: Զուգահեռ Երեւանում եւ մարզերում իրականացվում են ծրագրի հանրային իրազեկման քարոզարշավ, ինչպես նաեւ սկրինիգային աշխատանքների պարբերական մշտադիտարկում եւ վերահսկում:

Տարեսկզբից մեկնարկած «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի նպատակն է ՀՀ բնակչության ռիսկային խմբերում իրականացնել ոչ վարակիչ հիվանդությունների (հիպերտոնիա, շաքարային դիաբետ, արգանդի պարանոցի քաղցկեղ) զանգվածային սկրինինգներ, որոնք միտված են այդ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, վերահսկմանը եւ մահացության նվազեցմանը: