Հայոց ցեղասպանության ականատես-վերապրած, 103-ամյա Սիլվարդ Ատաջյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, վնասվածքաբան–օրթոպեդ Արմեն Չարչյանի անմիջական հսկողությամբ անցել է անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, մասնավորապես` ներքին օրգանների ուլտրաձայնային, կոնքազդրային հոդերի ռենտգեն հետազոտություն, էլեկտրասրտագրություն, ինչպես նաեւ արյան ընդհանուր եւ բիոքիմիական քննություն:
Նշենք, որ 2015թ. փետրվարի սկզբին ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ Սիլվարդ Ատաջյանը ոսկրաբեկորների տեղաշարժով աջ ազդոսկրի վզիկի փակ կոտրվածքի վիրահատությունը կատարվել է պետական պատվերի շրջանակում:
Բարեհաջող անցած վիրահատությունից հետո, այժմ տարեց կինը գանգատվում էր վիրահատված ոտքի ցավերից:
Սիլվարդ Ատաջյանին հետազոտությունների եւ բուժման ընթացքին տեղում ծանոթացել է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման միջոցառումները համակարգելու նպատակով այս տարվա մարտին ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել էր խորհուրդ, որն այս ընթացքում պարբերաբար բժշկական օգնություն եւ սպասարկում է տրամադրում ականատես-վերապրածներին:
Երեւանի եւ մարզերի ականատես-վերապրածներին` ըստ հետազոտությունների արդյունքների տրամադրվում են բժշկական ցուցումներին համապատասխան դեղեր եւ բժշկական պարագաներ: Բժշկական օգնության կարիք ունեցողները գտնվում են մայրաքաղաքի եւ մարզային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո:
Ականատես-վերապրածներին առնչվող առողջապահական հարցերին արագ արձագանքելու եւ շարունակական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է 055 05 86 26 շուրջօրյա հեռախոսահամարը:






