Ձվարանի քաղցկեղը, որը ժամանակին ամենամահացու օնկոլոգիական հիվանդություններից մեկն էր համարվում, այժմ զգալիորեն ավելի քիչ կանանց կյանքեր է խլում: Նման եզրակացության են եկել ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի գիտնականները:
Երկար ժամանակ ձվարանի քաղցկեղ ախտորոշումը փաստացի դատավճիռ էր կանանց համար, քանի որ այդ հիվանդության դեպքում մահացության աստիճանը բավական բարձր էր: Փոխարենը հիմա գեղեցիկ սեռի ներկայացուցիչները զգալիորեն հաճախ են հաղթում այդ հիվանդությանը, քան մի քանի տասնամյակ առաջ:
Ամերիկյան օնկոլոգիական ընկերակցությունում համարում են, որ 2015 թվականին մոտ 21 հազար ամերիկուհիների մոտ ձվարանի քաղցկեղ կհայտնաբերվի, եւ մոտ 14 հազարը կմահանան այդ հիվանդությունից: Բայց այսօր ձվարանի քաղցկեղը հաղթահարելու շանսերն զգալիորեն բարձր են, քան ընդամենը մեկ սերունդ առաջ: Հետազոտողներն ուսումնասիրել են 50 հազար կանանց, որոնք նման ախտորոշում են ունեցել 1975-2011 թվականներին:
Նրանք հաշվի են առել ընդհանուր բժշկության զարգացումը եւ պարզել, որ 2006 թվականին կանանց մոտ ձվարանի քաղցկեղը հաղթահարելու շանսերը 50 տոկոսով ավելի մեծ են եղել, քան 1975 թվականին: Դա հնարավոր է դարձել նոր դեղամիջոցների, վաղ շրջանում հետազոտման, քիմիաթերապիայի համար նախատեսված նոր դեղամիջոցների շնորհիվ: 1975-2011 թվականների ընթացքում բարելավել են ձվարանի քաղցկեղով հիվանդ կանանց ողջ մնալու ցուցանիշները:
Ընդ որում, հիվանդության առաջին փուլում ողջ մնալու ցուցանիշն ավելացել է 51 տոկոսով, իսկ երրորդ եւ չորրորդ փուլերում՝ 49 տոկոսով:
Ցավոք, ձվարանի քաղցկեղը շատ հազվադեպ է բացահայտվում վաղ շրջանում, քանի որ այդ հիվանդությանը բնորոշ ախտանիշները (դաշտանի ցիկլի խախտում, ցավեր փորի ներքին հատվածում, քաշի նվազում կամ ավելացում) կարող են բացարձակապես աննկատ լինել:






