Ընդամենը մեկ աբորտը կամ վիժումը մեծացնում է բարդությունների ռիսկը ապագա հղիությունների ընթացքում։ Նման եզրակացության են հանգել Իսրայելի Թել Ավիվի համալսարանի հետազոտողները։

Ընդամենը մեկ աբորտ տարած կամ մեկ վիժում ունեցած կանայք հետագայում շատ ավելի հաճախ են հղիության ընթացքում բարդությունների բախվում։ Գիտությանը  վաղուց էր հայտնի, որ  մի քանի աբորտը կամ վիժումը մեծացնում են հետագա հղիությունների ընթացքում խնդիրներ ունենալու վտանգը։ Հնարավոր բարդացումներից են արգանդային արյունահոսությունը, վաղաժամ ծննդաբերությունը, ընկերքի հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ ծննդաբերության արհեստական խթանման անհրաժեշտությունը։ Ընդ որում, կարեւոր չէ, թե ինչպես է ընդհատվել առաջին հղիությունը՝ հղիի կամքով, թե վիժման հետեւանքով։ 

Նման եզրահանգման են եկել Իսրայելում Ռաբինի անվան բուժկենտրոնում 15 000 ծննդաբերության վերաբերյալ տեղեկությունների ուսումնասիրման արդյունքում։ Աբորտի կամ վիժման խնդիր ունեցած ծննդկանները միջին հաշվով ավելի տարիքով էին, քան նրանք, ում առաջին հղիությունն ընթացել էր սկզբից մինչեւ վերջ։ Առաջին խմբի կանանց պարագայում ավելի հաճախ են կիրառվել անպտղության բուժման տարբեր միջոցներ, նրանց սպառնացել է հղիության ընթացքում դիաբետ ձեռք բերելու ավելի մեծ վտանգ։