Եթե քիմիաթերապիան համադրվի իմունային համակարգի գործունեությունը արդյունավետորեն ճնշող իմունոարգելակիչների կարգին պատկանող դեղերի հետ, կարելի է կանխարգելել քաղցկեղի կրկնությունը որոշ հիվանդների մոտ, համարում են բրիտանացի գիտնականները։ Հայտնի է, որ քիմիաթերապիան սպանում է չարորակ բջիջները, ինչից հետո ակտիվանում է վերքերի առողջացման գործընթացը, երբ արյան սպիտակ գնդիկները հավաքվում են արյունատար անոթների շուրջը՝ ուռուցքներին հարվածելու համար։

Այդ բջիջները վերականգնում են վնասված հյուսվածքները եւ նոր արյունատար անոթներ են կառուցում․ տվյալ գործընթացը երբեմն բուժումից հետո ուռուցքների կրկնության պատճառ է դառնում, ինչը կարող է հանգեցնել հիվանդի մահվանը։ Հետազոտողները քաղցկեղով հիվանդ մկների վրա ազդել են այնպիսի դեղերով, որոնք դադարեցնում էին բջիջների վերականգնման գործընթացը իմունիտետի ճնշման միջոցով։ Այդպես նրանք կարողացել են զգալիորեն կրճատել քիմիաթերապիայից հետո քաղցկեղի կրկնվելու վտանգը։

Գիտնականներին արդեն հայտնի էր, որ ինքնաբուժման ընթացքում օրգանիզմն օգտագործում է իմունային համակարգը հյուսվածքները վերականգնելու համար։ Այժմ հետազոտողները ցույց են տվել, որ քիմիաթերապիայի միջոցով ուռուցքի վրա ազդելը կարող է ակտիվացնել իմունային համակարգի մի մասը, ինչը նպաստում է քաղցկեղի կրկնվելուն։ Բայց քիմիաթերապիայի համադրումը իմունոարգելակիչների հետ խախտում է այդ գործընթացը, ինչը դանդաղեցնում է ուռուցքի կրկնակի հայտնվելը։ Տվյալ դեղերն արդեն օգտագործվում են բժշկության մեջ, օրինակ, այնպիսի հիվանդների պարագայում, որոնք ողնուղեղի փոխպատվաստում են տարել։